Հայաստանը կմասնակցի 2012 թ. մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայի Հանրապետության Յոսու քաղաքում կայանալիք «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 29-ին կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

«Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու են 105 պետություններ եւ 9 միջազգային կազմակերպություններ: Ցուցահանդեսի հիմնական խորագիրն է` «Կենդանի օվկիանոսը եւ մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը», որի ներքո հայաստանյան մասնակցությունը պետք է անցկացվի «Նոր ռեսուրսների տեխնոլոգիաներ» թեմայով:

Մասնակից յուրաքանչյուր պետության խնդիրն է ներկայացնել իր տնտեսական եւ մտավոր ներուժը, ինչպես նաեւ` իր մշակույթը եւ պատմությունը: Ցուցահանդեսն օգտագործվելու է որպես հարթակ` համաշխարհային հանրությանը մեր երկրի ինտելեկտուալ պոտենցիալը ներկայացնելու համար: