«Ինստագրամյան ռիլերից հուզվող երիտասարդներին, ովքեր շատ հազվադեպ են գործ ունեցել ծառի, ծաղիկի, հողի հետ... ես լսում եմ ոլորտի գիտնականներին, նրանք միաձայն հաստատում են քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը»։ Այսպես այսօր՝ ապրիլի 19-ին, համաքաղաքային ծառատունկի ժամանակ Տիգրան Ավինյանը պատասխանեց NEWS.am–ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպե՞ս է արձագանքում իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ ըստ որոնց մայրաքաղաքում բազմիցս առողջ ծառերի սպանդ է իրականացրել, և փոխարենը տնկել Հայաստանի կլիմայական պայմաններին չհամապատասխանող ծառեր։

«Քաղաքապետարանը վերջին երեք տարվա ընթացքում այս հատվածը միասին վերցրած, արդեն իսկ 54 հեկտար կանաչապատ տարածք է ստեղծել Երևանում։ Խնդրում եմ՝ ասեք, թե վերջին 20 տարում որտե՞ղ է Երևանում 54 հեկտար կանաչապատ տարածք ստեղծվել ոռոգման համակարգով։ Այդ հուզաճմլիկ վիդեոներից զատ՝ իրականությունը մի փոքր այլ է»,–ասաց Ավինյանը։

Լրագրողների դիտարկմանն այն մասին, որ մի բան է ծառեր տնկելը, մեկ այլ բան է դրանց հետևելը, Ավինյանը պատասխանեց.

«Ճիշտ եք, տնկելը մի բան է, ի սկբազնե ոռոգման համակարգ ներդնելը մեկ այլ բան։ Նախկինում բոլոր տնկված և չորացված ծառերը, որոնք ժամանակին իրականացվել են քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների կողմից, ովքեր հիմա շատ ակտիվ խոսում են այս ծրագրերի մասին, քննդատում են մեզ, հասկանում եմ՝ ինչքան մեծ ցավ են ապրում, երբ իրենց արած աշխատանքը չի ստացվել, իսկ այս աշխատանքի արդյունքում 95 տոկոս ծառերը կպնում են»։