Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը բրիտանական The Telegraph թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը ոչինչ չգիտի իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի որոշման մասին և համաձայն է դիվանագիտական ​​լուծմանը, որն արդյունավետորեն կկանգնեցնի Թեհրանի միջուկային հավակնությունները:

«Ես անվտանգության կաբինետի և բոլոր ներքին ֆորումների անդամ եմ և չեմ հիշում նման որոշում»,- ասել է Սաարը՝ պատասխանելով The New York Times-ում անցած շաբաթ հրապարակված տեղեկության մասին հարցին, ըստ որի Իսրայելը մտադիր էր հարձակվել Իրանի վրա դեռ մայիսին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է այս որոշումը․ առաջարկվող հարվածը փոխարինվել է Իրանի հետ միջուկային բանակցությունների շարունակմամբ։

«Չեմ կարծում, որ նման որոշում է կայացվել: Բայց Իսրայելը հավատարիմ է Իրանում միջուկային զենքի ստեղծումը կանխելու նպատակին: Եթե այդ նպատակին հնարավոր է հասնել դիվանագիտական ճանապարհով, ապա դա ընդունելի է»,- ասել է նա:

Սաարը նաև զգուշացրել է Իրանի նկատմամբ «չափից ավելի վստահության» մասին:

«Իրանը միշտ արհամարհել է իր միջազգային պարտավորությունները, չեմ բացառում, որ նրանք կփորձեն ինչ-որ մասնակի պայմանավորվածություններ ձեռք բերել, որպեսզի խուսափեն անհրաժեշտ որոշում կայացնելուց։ Մենք ուղղակի բանակցությունների մեջ ենք ամերիկացիների հետ։

Մենք բանակցում ենք նաև մեր եվրոպացի ընկերների հետ։ Կարծում եմ՝ բոլորս էլ նույն նպատակն ունենք։ Իրանը հարաբերականորեն թույլ դիրքերում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար և ոչ թե թույլ տալ Իրանին փախչել՝ հանուն հարմարության, ժամանակ վատնել, մինչև հանգամանքները փոխվեն»,- ասել է նա։