Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) նախատեսում է դառնալ աշխարհում առաջինը, որը կօգտագործի արհեստական բանականությունը (ԱԲ)՝ նոր օրենսդրության մշակման, ինչպես նաեւ առկա օրենսդրության վերանայման եւ փոփոխության համար: Այս մասին հայտնել է Financial Times-ը (FT), որը ԱՄԷ ծրագրերն անվանել է «տեխնոլոգիան օգտագործելու արմատական փորձ, որում նրանք միլիարդավոր դոլարներ են ներդրել»։
«Արհեստական բանականությամբ աշխատող նոր օրենսդրական համակարգը կփոխի մեր օրենքներ ընդունելու ձեւը՝ գործընթացը դարձնելով ավելի արագ եւ ճշգրիտ»,- մեջբերել է պարբերականը երկրի վարչապետ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի խոսքերը։
Կառավարությունն ակնկալում է, որ արհեստական բանականությունը, որը «պարբերաբար կառաջարկի օրենսդրության թարմացումներ», 70 տոկոսով կարագացնի օրենսդրության ընդունումը: ԱՄԷ-ն ծրագրում է օգտագործել տեխնոլոգիան՝ «հետեւելու, թե օրենքներն ինչպես են ազդում երկրի բնակչության եւ տնտեսության վրա»՝ ստեղծելով դաշնային եւ տեղական օրենքների, դատականորոշումների եւ պետական ծառայությունների զանգվածային տվյալների բազա, նշվել է հրապարակման մեջ:
Կոպենհագենի բիզնես դպրոցի պրոֆեսոր Ռոնի Մեդալյան այս ծրագիրն անվանել է «շատ համարձակ»՝ ենթադրելով, որ ԱՄԷ-ն կարող է ունենալ «թաքնված օրակարգ՝ արհեստական բանականությունը համաօրենսդիր դարձնելու համար»:
Սակայն հետազոտողներն ընդգծել են, որ կան բազմաթիվ խնդիրներ եւ որոգայթներ, որոնք կարող են առաջանալ այս ճանապարհին։ Հնարավորություն կա նաեւ, որ ԱԲ-ը օգտատերերի համար ավելի քիչ հասկանալի կդառնա: Հարցեր կծագեն նաեւ այն մասին, թե արդյոք տեխնոլոգիան օրենքները նույն կերպ է մեկնաբանում, ինչ մարդիկ: «Չնայած ԱԲ մոդելները տպավորիչ են, դրանք շարունակում են ձախողվել եւ խնդիրներ ունեն հուսալիության եւ ամրության հետ»,- նախազգուշացրել է Օքսֆորդի համալսարանի հետազոտող Վինսենթ Շթրաուբը:
Նա ԱՄԷ ծրագրերն անվանել է հատկապես նորարարական: Բացի այդ, իշխանությունները կարող են նաեւ խնայել ծախսերը. կառավարությունները հաճախ վճարում են իրավաբանական ընկերություններին օրենսդրությունը վերանայելու համար: «Նրանք ըստ երեւույթին, արհեստական բանականությունը համարում են, ասենք, օգնական, գործիք, որը կօգնի դասակարգել եւ ստեղծել նախագծեր»,- նշել է Շթրաուբը:



























