Քաղաքային տնտեսության մի շարք ուղղություներով ունենք GIS համակարգի զարգացում: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը:
«Առաջինն արտաքին գովազդի ոլորտում կատարված աշխատանքներն են, մասնավորապես՝ գովազդային կրիչների թվայնացման: Ստեղծվել է համապատասխան հարթակ mobile maping գործիքակազմի միջոցով թվայնացվել են Երեւանում առկա գովազդային կրիչները: ներմուծվել են համապատասխան տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս վերլուծել չափորոշիչների համապատասխանությունը եւ ըստ այդմ ընդունել որոշումներ: Բոլոր տեղերում կոորդինատներով և լուսանկարներով թվայնացվել են արտաքին գովազդի կրիչները»,-ասաց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց ներկայացնել կարևոր ձեռքբերումը: Սարգիս Մանուկյանը մանրամասնեց՝ ամեն տարի այս ոլորտում աշխարհահռչակ Esri ընկերությունն իրականացված նախագծերի մրցանակաբաշխություն է անցկացնում շուրջ 100 հազար նախագծերի շրջանակում, և արդյունքում 2024 թվականին Երևանի քաղաքապետարանի ներդրած GIS համակարգը ճանաչվել է լավագույնների շարքում և արժանացել SAG (Special Achievement in GIS) մրցանակի:
«Սա շատ ուրախալի է, քանի որ բավականին արժեքավոր մրցանակ է համարվում»,- ասաց Սարգիս Մանուկյանը:
Ավինյանն արձագանքեց. «GIS համակարգի ներդրումը մեր կարևորագույն ձեռքբերումներից է, և այս համակարգի հետագա զարգացումը քաղաքային տնտեսության էֆեկտիվ կառավարման գրավականներից մեկն է լինելու, հետևապես շնորհավորում եմ մեզ այդ առիթով»։
Ավինյանը նաեւ առաջարկեց ժամկետ նշել, երբ կկարողանան վստահ ասել, որ գովազդային կրիչները բոլորը գույքագրված են. «Սրանք օրինական կրիչներն են, որ քարտեզին նայելով հասկանանք, որոնք են մնացել անօրինական: Էական ծավալի մաքրվել է քաղաքում, բայց այնուամենայնիվ, դեռեւս մաքրելու շատ հատվածներ ունենք: Տերյան փողոցով անցնում էի, տեսա մեր չափորոշիչներին չհամապատասխանող կրիչներ, որոնք նախկինից մնացել են: Եթե դրանք մնում են, որոշակի անարդարության զգացում են արթնացնում, որովհետեւ մարդը մտածում է՝ իմը փոխեցի, գնացի նոր ստանդարտով, բա էս մեկն ինչո՞ւ է մնացել արդեն տեւական ժամանակ»:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ 2022-2025 թվականներին 21 902 կրիչ ապամոնտաժվել է, որոնցից 558-ը մեծ դաշտով կրիչներն են:




























