Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանը Միխայիլ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու գործով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։

Դատարանը գործով քրեական հետապնդումը դադարեցրել է մեղադրյալի մահվան պատճառով։ «Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է չռեաբիլիտացնող հիմքով»,- նշվել է դատարանի որոշման մեջ։

ՏԱՍՍ-ը նշել է, որ հայտարարության ժամանակ դատարանի դահլիճում են եղել Խաչատրյանի երկու դուստրերը։

Մարիա, Անգելինա եւ Կրեստինա Խաչատրյան քույրերը ձերբակալվել են 2018թ. հուլիսին Մոսկվայում՝ իրենց 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատրյանի սպանության մեղադրանքով։ Ձերբակալման պահին նրանք եղել են 17, 18 եւ 19 տարեկան։ Նրանք խոստովանել են եւ պատմել, որ հայրը տարիներ շարունակ բռնության է ենթարկել իրենց եւ կիրառել այդ թվում՝ սեռական բռնություն։ Նրանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ կատարված սպանության համար։ Պաշտպանական կողմը պնդել է, որ նրանք գործել են ինքնապաշտպանության նպատակով։ Քույրերի դեմ գործերը հասել են դատարան, սակայն վերադարձվել են դատախազություն։

Միխայիլ Խաչատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2021թ., նա մեղադրվում էր սեռական ոտնձգությունների եւ խոշտանգումների մեջ։ Հետագայում հետաքննությունը խստացրել է Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը՝ ավելացնելով նրա դուստրերի առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ նրանց ընկերուհուն ուղարկած պոռնոգրաֆիական նյութեր տարածելու մեղադրանքները։ Այս գործով տուժող են ճանաչվել Խաչատրյան քույրերը, ինչպես նաեւ նրանց ընկերուհին։