2022 թվականի ապրիլի 18-ին Ալավերդիում մի երիտասարդի պարեկային ծառայության աշխատակիցները պահանջել են, որ անձնական զննության համար իջեցնի իր տաբատը: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում ՄԻՊ տարեկան զեկույցի քննության ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով, քաղաքացին հրաժարվել է դա անել փողոցում և նրան տարել են ոստիկանություն, կալանավորել խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հատկանիշներով։

Նա Անահիտ Մանասյանին հարցրեց, թե ինչպես է գնահատում այդ դեպքը։ Պատգամավորը հիշեցրեց նաև նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո վերջինիս ոստիկանության մեքենայում խոշտանգելու դեպքը։

Անահիտ Մանասյանը նշեց, որ 2022 թվականի դեպքը ընդգրկված չէ ՄԻՊ զեկույցում, քանի որ սա 2024 թվականի տարեկան զեկույցն է։

Թովմասյանը արձագանքեց, որ շփոթվել է, դեպքը գրանցվել է 2024-ին:

«ՀՀ-ում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերով քննությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Առաջին բանը, որ իմ խոսքում նշեցի՝ գործերի անհապաղությունն է»,- ասաց Մանասյանը և հավելեց որ նշված անձի և այլ գործերի մասով տարիներով արդյունք չեն ունենում։