Ադրբեջանական կրակոցների մասին չբարձրաձայնելու մարտավարությունը տրամաբանական չէ և դա չի կարող արդյունավետ լինել. եթե դրանք արդյունավետ լինեին, այդ պարբերական ու համակարգված կրակահերթերի դինամիկան կնվազեր, այլ ոչ թե կաճեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Հայաստանյան իշխանությունները ոչ միայն չեն իրազեկում առաջնագծում ստեղծված իրական իրադրության մասին, այլ որոշակի դեպքերում նույնիսկ արդարացնում են ադրբեջանական գործողությունները: Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում երկու պատճառ էր բերում, թե ինչով կարող է պայմանավորված լինել ադրբեջանական ակտիվությունը, որից մեկը վերաբերում էր ադրբեջանական բանակում տեղ գտնող կարգապահական խնդիրներին։ Սա ոչ միայն արդարացում է ադրբեջանական գործողությունների, այլեւ սա դուրս է ցանկացած տիպի խելամտությունից։
Ննվազագույն վերլուծությունը այս վերջին երեք-չորս շաբաթների, ցույց է տալիս, որ հրադադարի ռեժիմի խախտումները տեղի են ունենում միևնույն, գրեթե միևնույն ժամերին և գրեթե միևնույն պարբերականությամբ։ Եվ ձեռագիրը ևս այս երեք-չորս շաբաթվա ընթացքում մշտապես պահպանվել է։ Այսինքն չկա նաև որևէ գործոն, որը կարող է նույնիսկ կասկածի տակ թողնել այն հանգամանքը, որ սա որևէ ձևով կարող էր պայմանավորված լինել զինվորական ցածր օղակներում տեղ գտնող չհամաձայնեցված քայլերով։
Այսինքն, այս պահին Հայաստանի իշխանությունները ոչ միայն իրական գնահատական չեն ներկայացրել ստեղծված ռազմաքաղաքական իրադրության մասին, այլ հասարակությանը ակնհայտորեն խեղաթյուրված մանիպուլացված տեղեկություններ են ներկայացնում»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, դա կապված է իշխանության հռչակած խաղաղության կեղծ օրակարգի հետ. «Այդ կեղծ օրակարգին հակասող ցանկացած քայլ իշխանության համար վտանգ է ներկայացնում, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ առջևում 2026 թվականի նախընտրական գործընթացներն են: Իշխանությունը փորձում է իր համար չակերտավոր հաղթաթուղթ կառուցել, որի հիմքում հանրությանը խաղաղության տանելու այդ պրոցեսն է։
Հիմա ադրբեջանական այս գործընթացը ոչ միայն մատնում է ՀՀ իշխանությունների կեղծ առաջադրած օրակարգը, այլ ըստ էության ցույց է տալիս, որ այն հավաստիացումները, որոնք իշխանություններն արել են մեր հասարակությանը, նաև դրա հիման վրա ներկայացնելու, թե ինչու են իրենք գնացել զիջումների, բնականաբար այսօր ամբողջովին քանդված է, և իշխանությունը ստիպված փորձում է քողարկել կամ նվազագույն չափով ներկայացնել այն վտանգները, որոնք այսօր առկա են»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նկատեց, որ հիմնականում խախտումները արվում են սահմանագծի այն ուղղություններով, որոնք մոտ են համայնքներին և ադրբեջանական կրակոցները լսելի են լինում հայկական բնակավայրերում. «Սա բնականաբար նաև մարդկանց վրա ազդելու, ահաբեկելու, վախեցնելու համար է և իր անդրադարձը կունենա նաև հասարակության վրա։
Գլխավոր խնդիրը այն է, որ իշխանությունը նախ ահաբեկում է մարդկանց, ամեն ինչ անում է կանխելու այդ գյուղերում տիրող իրավիճակի մասին ցանկացած տեղեկատվություն։ Մյուս կողմից, մարդիկ որևէ երաշխիք չունեն, որ այս իշխանությունը իրենց համար պաշտպանություն կապահովի։ Մտահոգություններ կան, թե ինչը կարող է լինել Ադրբեջանի երկրորդ և երրորդ քայլը, որովհետև իշխանության իներտությունը, նաև ադրբեջանական գործողությունների արդարացումը բերում է նրան, որ ընդհանուր իրավիճակը ոչ միայն չի կայունանում, այլ գնալով, թեև ոչ կտրուկ, բայց աճի անընդհատ դինամիկա է դրսևորում։
Ադրբեջանական այս գործողությունները առաջին փուլում, թեև ունեն զգուշացնող, նաև ահաբեկման բնույթ, բայց նրանք մի փուլում կարող են վերաճել որոշակի ուղղություններով մխրճումների կամ զինատեսակների տրամաչափերի աճի, որը ՀՀ իշխանության համար կարող է ազդակ լինել առ այն, որ եթե առաջիկայում ՀՀ իշխանությունները չգնան կոնկրետ զիջումների, ապա դրանք կարող են վերաճել շատ ավելի մեծ գործողությունների։
Իհարկե, ես չեմ տեսնում հիմքեր լայնամաշտաբ ռազմական գործողությունների, բայց այնուամենայնիվ, որոշակի ուղղություններով կարող ենք որոշակի վտանգավոր զարգացումներ տեսնել»,- իր խոսքն ամփոփեց Տիգրան Աբրահամյանը:











