Ամբաստանյալ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով և ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ Ջրականի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհետ կորել, գերեվարվել, ինչպես նաև՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեղադրական ճառով հանդես եկավ հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը, գրում է «Հետքը»:
Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղադրվում է ուսումնական գումարտակի նորակիկներին մարտի դաշտում միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։
Ըստ վկայությունների՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։
Գումարտակի մեծ մասը նահանջել է և, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել դեպի Հադրութ, որի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել կամ գերեվարվել է։
«Գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ գտնում եմ, որ ամբաստանյալ Իշխան Վահանյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորված է, արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ գնահատականներ, և նա ենթակա է քրեական պատասխանատվության»,- նշեց Գևորգ Ավետիսյանը։
Հանրային մեղադրողը պահանջեց ամբաստանյալ Իշխան Վահանյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով, և պատիժները մասնակի գումարելով՝ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 18 տարի ժամկետով: Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակվող պատժից հանրային մեղադրողն առաջարկեց հաշվանցել վերջինիս կողմից փաստացի կալանքի տակ գտնվելու՝ 3 տարի 8 ամիս 8 օր ժամկետը»:
Գումարտակի անձնակազմը, մնալով առանց հրամանատարի, խուճապի է մատնվել
Իր մեղադրական ճառում Գևորգ Ավետիսյանն ընդգծեց, որ 5-րդ գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման և կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել։
Հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու մասին՝ գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել են, հակառակորդի կողմից գերեվարվել են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ, իսկ զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:
Իշխան Վահանյանը փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից
Հանրային մեղադրողը շեշտեց, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Իշխան Վահանյանը, թե՛ նախաքննության, և թե՛ դատաքննության ընթացքում չի ընդունել մեղադրանքը։
«Գտնում ենք, որ, հերքելով իր կողմից կատարված հանցագործությունները, Իշխան Վահանյանն ընդամենը նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և դատարանում ճանաչվել անմեղ»,- նշեց Գևորգ Ավետիսյանը։
Վահանյանը, պատճառաբանելով, որ վիրավոր է՝ լքել է մարտի դաշտը
Տուժողներից մի քանիսը հայտնել են, որ նկատել են, իսկ մյուս մասը լսել, որ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը հայտնել է, որ վիրավորվում է ստացել և քայլերով գնացել, նստել է տեղանքում գտնվող ավտոմեքենաներից մեկն ու հեռացել: Դրա հետևանքով զորքի մոտ առկա խուճապային վիճակն ավելացել է:
Տուժողները նշել են, որ Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հակառակորդը կիրառել է միայն հրաձգային զինատեսակներ, Իշխան Վահանյանի փախուստից հետո անձնակազմը մնացել է առանց պատշաճ ղեկավարման, իրենց մեծամասնությունը տեղյակ չի եղել, որ հակառակորդն արդեն իսկ գտնվում է Հադրութ քաղաքում, ինչի հետևանքով գնացել են այդ ուղղությամբ և ընկել շրջափակման մեջ:
Դատախազը նշեց, որ մարտի ժամանակ գումարտակի հրամանատարի վիրավորվելու դեպքում վերջինս պետք է իր պարտականությունները հանձնի ենթակա պաշտոնատար անձանցից որևէ մեկին (տեղակալներին, իսկ նրանց բացակայության դեպքում՝ վաշտերի հրամանատարներից որևէ մեկին)։
Եթե առկա է հարկադրաբար նահանջի անհրաժեշտություն, ապա ցանկացած պարագայում այն պետք է լինի միայն ավագ պետի՝ տվյալ դեպքում զորամասի հրամանատարի հրամանով կամ թույլտվությամբ և իրականացվի կազմակերպված, որպեսզի ստարաբաժանումը մարտունակ վիճակում դուրս բերվի մարտադաշտից:
Հրամանատարը պարտավոր է իր լիազորությունները և իր մոտ առկա կապի միջոցները փոխանցել իրեն փոխարինողին
Հանրային մեղադրողը մեջբերեց դատարանում հարցաքննված վկա, 18-րդ ՀԴ-ի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Կարեն Առստամյանի և վկա, Ջրականի զորամասի օպերատիվ բաժանմունքի նախկին պետ-շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովի ցուցմունքները, որոնց հավաստմամբ՝ հրամանատարը սահմանված կարգի համաձայն՝ պարտավոր է իր լիազորությունները և իր մոտ առկա կապի միջոցները փոխանցել իրեն փոխարինողին, և այդ մասին հայտնել վերադասին, որից հետո նոր միայն դուրս գալ մարտից: Բացի այդ, նահանջը պետք է իրականացվի կազմակերպված, որպեսզի ենթակա անձնակազմը տեղյակ լինի իր հետագա գործողությունների մասին, իմանա, թե որ ուղղությամբ է դուրս գալու և չընկնի խուճապի մեջ:
«Պետք է սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հասկանալ՝ արդյոք Իշխան Վահանյանը անձնուրաց կերպով ծառայել է իր ժողովրդին, թե՞ ոչ, արդյոք նա արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը՝ պաշտպանել է հայրենիքը, թե՞ դրսևորելով վախկոտություն, խնայելով կյանքը՝ ամեն հնարավոր առիթ օգտագործել է իր պարտականությունները չկատարելու համար։
Իշխան Վահանյանը պաշտպանության շրջանը շրջանցած հակառակորդին դիմակայելու համար կազմակերպե՞լ է արդյոք շրջանաձև պաշտպանություն և շարունակել պահել զբաղեցրած դիրքերը, թե՞ ոչ, իսկ դրա հնարավորությունը չլինելու և հարկադրաբար նահանջի կատարելու անհրաժեշտության դեպքում՝ ստորաբաժանումներին մարտունակ վիճակում այդ հատվածից դուրս բերելու համար մանրակրկիտ կազմակերպել է զորքի նահանջը և սահմանել է դրա ուղղությունը, թե՞ վիրավորման առիթն օգնագործելով՝ ենթակա անձնակազմին թողել է առանց պատշաճ ղեկավարման՝ հույսը դնելով բախտի քմահաճույքի վրա»,- նշեց Ավետիսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։




























