Որևէ կաշկանդվածություն  Հակակոռուպցիոն կոմիտեն, այդ թվում ես, չունենք, որևէ դեպքի մասով, եթե ունենում ենք տեղեկություններ հանցագործության վերաբերյալ, թե՛ օպերատիվ հետախուզական գործիքակազմի կիրառմամբ, և թե՛ համապատասխան հիմքերի դեպքում նաև վարույթ նախաձեռնելու և արդեն քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով կիրականացվի համապատասխան գործողություններ, այդ թվում նաև նախաքննություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ճաշկերույթ է կազմակերպում 1 մլն դրամ գումար հավաքագրելով գործարարներից, արդյոք այստեղ կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում եք և Կոմիտեն ունի՞ իրավասություն ստուգելու «Իմ քայլը» հիմնադրամը, այնտեղ բացահայտումներ անելու, թե՞ ինչ-որ կաշկանդվածություն կա։

«Ես չեմ կարող հիմա հասկանալ, թե դուք ինչ նկատի ունեք, ինչ դեպքի վերաբերյալ են ձեր հարցադրումները: Թե՛ դատախազությունը, թե Հակակոռուպցիոն կոմիտեն իր գործունեության ընթացքում պարբերաբար մոնիթորինգ է իրականացնում, այդ թվում նաև մամուլի հրապարակումներ է ուսումնասիրում, և եթե գտնում է, որ կան հանցագործության վերաբերյալ որոշակի տվյալներ, ապա պարտադիր այդ կապակցությամբ կիրականացվի համապատասխան վարույթ»,-ասաց նա: