Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու Երեւանի նկրտումներով։ Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ առավելությունները, եթե Արեւմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երեւանի ձգտումներով, Գրուշկոն դրական է պատասխանել։

«Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման նկրտումները անհամատեղելի են ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցության հետ, եւ մենք այդ մասին խոսում ենք հայ գործընկերների հետ մեր բազմաթիվ շփումներում»,- նշել է ռուս դիվանագետը։

«Հայտնի է, որ ԵԱՏՄ-ին իր մասնակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ փուլերով, տնտեսական աճ է նկատվում Երեւանի համար բոլոր առանցքային ոլորտներում։ Եվ սա հսկայական հարստություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արեւմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից եւ այլ բնական դաշնակիցներից»,- ավելացրել է նա։