2025 թվականի ապրիլի 22-ին Դուշանբեում կայացել է Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի IV նիստը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

Նիստն անց է կացվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարար Զավքիզոդա Զավկիի համանախագահության ներքո։

Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում դիտարկվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տեղեկատվություն է փոխանակվել երկրների մակրոտնտեսական իրավիճակի և ներդրումային միջավայրի վերաբերյալ։ Մանրամասնորեն քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլն ոլորտներում համագործակցության առանցքային հարցերը։

Կառուցողական մոտեցմամբ նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա քայլերը՝ մոտ հեռանկարում երկկողմ փոխադարձ առևտրի ապրանքացանկի և ծավալի ընդլայնման միտումով։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Միջկառավարական հանձնաժողովի IV նիստի արձանագրությունն, ինչպես նաև վերահաստատվել է Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ներուժը բացահայտման նպատակով անհրաժեշտ ջանքեր գործադրելու փոխադարձ պատրաստակամությունը։