Մերձավոր Արեւելքի հակամարտությամբ պայմանավորված` նավթի համաշխարհային գներն աճում են: «Սեւ ոսկու» գինը մեկ բարելի համար կազմում է շուրջ 100 դոլար:
Մի շարք վերլուծաբանների կարծիքով` նավթը թանկանում է Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակի պատճառով, գրում է «Ինտերֆաքս»-ը: Իրանի իշխանությունները իրանական նավթի արտահանման վրա սահմանափակումներ դնելու դեպքում սպառնում են փակել Հորմուզի նեղուցը:
Հորմուզի նեղուցում արդեն մի քանի օր է Իրանը ռազմածովային զորավարժանքներ է անցկացնում: Զորավարժանքների տարածք են ժամանել ԱՄՆ 2 ռազմանավեր: ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի ներկայացուցիչներն ընդգծում են, որ իրանական զինվորականների հետ փոխգործակցությունն ընդունված պրակտիկայի շրջանակներից դուրս չի եկել:
Այլ փորձագետների կարծիքով` «Սեւ ոսկու» թանկացումը պայմանավորված է ԱՄՆ կոշտ տնտեսական միտումներով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























