ArmLur.am-ի լրագրողն այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի հետ զրույցում հանցագործության մասին հաղորդում տվեց և հնչեցրեց անուններ, թե որ պատգամավորներն էին Ազգային ժողովում այսօր քաշքշուքի կենտրոնում և ովքեր հրահրեցին վիճաբանություն։
«Այսօր Ազգային Ժողովի նիստերի դահլիճում քաշքշուկ, վիրավորանքներ, հայհոյանքներ էին եւ հայհոյանքը հնչում էր ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից: Խնդրում եմ մեր այս միջադեպը հանցագործության մասին որպես հաղորդման հիմք ընդունել: Մամուլում հայտնված տեսանյութերը կարող են հիմք հանդիսանալ, որ, օրինակ, քննչական կոմիտեում խուլիգանության հատկանիշներով վարույթ նախաձեռնվի»,-ասաց նա:
Ի պատասխան Արթուր Պողոսյանն ասաց. «Ես ոնց հասկացա, դուք արդեն նախնական իրավական գնահատականը տվել եք, արդեն հանցանքի վերաբերյալ հաղորդում փաստացի ըստ էության տալիս եք, բայց ես մի հանգամանք մատնանշեմ, օրենքը, ըստ էության, հանցագործության մասին հաղորդման որոշակի վավերապայմաններ է նախատեսում, այն պետք է լինի պատշաճ, պետք է լինեն համապատասխան ռեկվիզիտներ և այլն: Մամուլի հրապարակումները իմպերատիվ պահանջ չէ, որպեսզի դառնա հանցագործության մասին հաղորդում, ինքը կարող է դիտվել, դրա համար առնվազն պետք է ուսումնասիրվի ձեր մատնանշված տեսագրությունը:
Բայց չմոռանանք նշել, որ Քրեական դատավարական նոր օրենքով ներդրվել է նաև մասնավոր մեղադրանքի ինստիտուտը, որով քննչական մարմինները փաստացի վարույթ չեն նախաձեռնում և համապատասխան ընթացակարգերով ըստ էության վարույթ չեն նախաձեռնում։
Այս առումով ես տեղյակ չեմ՝ ինչ է տեղի ունեցել, ձեր խոսքերից դա լսեցի, կուսումնասիրենք, կհասկանանք ինչի մասին է խոսքը»:




























