Հնդկաստանի Քաշմիր նահանգում զինված անձինք կրակ են բացել մի խումբ զբոսաշրջիկների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան քաղաքական գործչի։

Առնվազն հինգ զբոսաշրջիկներ սպանվել են, ևս ութը վիրավորվել են, երբ երեքշաբթի ենթադրյալ զինյալները Քաշմիրում կրակ են բացել նրանց վրա, Reuters-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը։ Գործակալությունը դա որակել է նմանատիպ ամենամեծ հարձակումը գրեթե մեկ տարվա ընթացքում:

Հարձակումը կատարվել է երեքշաբթի հարավային Քաշմիրի Պահալգամ քաղաքում, ավելի վաղ հայտնել էր Indian Express-ը։

Պահալգամը հայտնի վայր է մահմեդական գեղատեսիլ տարածքում, որն ամեն ամառ գրավում է հազարավոր զբոսաշրջիկների, գրում է Reuters-ը։

Մասամբ և՛ Հնդկաստանի, և՛ Պակիստանի կողմից կառավարվող Հիմալայան շրջանը 1989-ին հակահնդկական ապստամբության սկսվելուց ի վեր ենթարկվել է զինյալների բռնություններին, հաղորդում է BBC-ն: Վերջին տարիներին զբոսաշրջիկների վրա հարձակումները հազվադեպ են դարձել, այդուհանդերձ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում:

Վերջին խոշոր հարձակումը տեղի է ունեցել հունիսին, այդ ժամանակ զոհվել էր 9 և վիրավորվել՝ 33 մարդ, երբ հինդու ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը գրոհայինների հարձակման ենթարկվելուց հետո ընկել էր խոր կիրճը: