Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակն ավելացնելու վերաբերյալ նախագիծ։ Ի սկզբանե այն նիստի օրակարգում էր չզեկուցվող ընթացակարգով, սակայն նիստի սկզբում ընդդիմության առաջարկով հարցը դարձավ զեկուցվող։
Այս նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի պատշաճ սանիտարական մաքրումն ապահովելու նպատակով հիմնարկի պարկը համալրվելու է 12 նոր «Կարչեր» տեսակի բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջոցներով, ուստի առաջարկվում է սահմանել թվով 12 բազմաֆունկցիոնալ փոքր տեսակի տրանսպորտային միջոցների վարորդների հաստիքներ` դրույքաչափը սահմանելով 407․000 ՀՀ դրամ»:
«Հաստիքացուցակի փոփոխման արդյունքում համայնքային հիմնարկի ծախսը կավելանա 58 մլն դրամով»,- ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:՝ ներկայացնելով համայնքային հիմնարկում հաստիքային փոփոխությունների մասին նախագիծը:
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին, ուղարկել այն վերանայման, նոր ընդունել. «Մենք չենք ցանկանում, որ Երևանի աշխատողները գիշերները չքնեն ու աշխատեն առանց հերթափոխի: Մենք ձեզ հորդորեցինք, որ 12 մեքենաների համար առնվազն 18 հաստիք լինի, որ մարդիկ կարողանան երկու գիշեր աշխատել, մի գիշեր գոնե տանը քնել»:
Երկար քննարկումներից հետո, նախագիծը քվեարկության դրվեց մեկժամյա ընդմիջումից հետո, սակայն չընդունվեց։ «Քանի որ 31 ձայն է կողմ, նախագիծը չի ընդունվել։ Քվորում չկա, 30 րոպե ընդմիջում»,- ասաց Ավինյանը։ Ընդմիջումից հետո այդպես էլ քվորում չապահովվեց, քանի որ ՔՊ-ն ու «Հանրապետությունը» բացակայում էին:
Հիշեցնենք, որ ավագանու օրակարգում մնացել էր քննարկելու ընդդիմության նախագիծը, որով առաջարկվում էր տրանսպորտի թանկացման որոշումը կասեցնել մինչեւ 2026 թվականի մարտի 1-ը:




























