Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները չորեքշաբթի Լոնդոնում կհանդիպեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար առաջարկներ, որոնք կարող են Կիևի սրտով չլինել։ Դրա մասին գրում է The Washington Post-ը։

Ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները չորեքշաբթի Լոնդոնում անցկացվելիք հանդիպման ժամանակ կբախվեն ԱՄՆ-ի՝ արագ փոփոխվող առաջարկին՝ ճանաչելու Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցումը և խաղաղության համաձայնագրի շրջանակում սառեցնել ճակատային գծերը:

Ուկրաինայի դաշնակիցները հույս ունեն ապահովել անվտանգության երաշխիքներ և վերակառուցման ծրագրեր պատերազմի մեջ գտնվող երկրի համար՝ նման տարածքային զիջումների դիմաց: Անցած շաբաթ Փարիզում Ուկրաինային ներկայացված ԱՄՆ-ի առաջարկները ներառում են Վաշինգտոնի կողմից Ղրիմը որպես ռուսական տարածք պաշտոնապես ճանաչելը և, ի վերջո, ապագա գործարքի շրջանակում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, ըստ խնդրին ծանոթ երեք անձանց: Դրա դիմաց Մոսկվան կդադարեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդականն ասել է, որ ամերիկյան առաջարկները ներառում են որոշ գաղափարներ, որոնց հետ Կիևը համաձայն է, իսկ որոշների հետ՝ ոչ։ Արևմտյան պաշտոնյան հայտնել է, որ Ուկրաինայի վրա ճնշումների չափն «ապշեցուցիչ է»:

Քանի որ բանակցությունները թափ են հավաքում, և ԱՄՆ պաշտոնյաները սպառնում են հեռանալ մի քանի օրվա ընթացքում, Կիևի վրա ճնշումը մեծանում է: Ակնկալվում է, որ ֆրանսիացի, բրիտանացի և գերմանացի բանակցողները, որոնք սերտորեն ներգրավված են եղել բանակցություններում, կպնդեն Ուկրաինայի դիրքորոշումը՝ կոչ անելով ցանկացած գործարք ներառել անվտանգության երաշխիքներ և հետպատերազմյան վերակառուցման ծրագրեր, որոնք, հնարավոր է, մասամբ վճարվեն ռուսական սառեցված ակտիվների հաշվին:

Եվրոպացի և նույնիսկ ուկրաինացի պաշտոնյաները մասնավոր կերպով ընդունում են, որ Կիևը դժվար թե շուտով վերականգնի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքների վրա:

Միացյալ Նահանգներն անցյալ շաբաթ Փարիզում անցկացված բանակցությունների ժամանակ Ուկրաինային ներկայացրել է իր առաջարկի ուրվագիծը, և ուկրաինացիներն այն մեկնաբանել են որպես Վաշինգտոնի՝ խաղաղ գործընթացից հրաժարվելու վերջին առաջարկ: