«Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի մեղադրական վերդիկտը ոչ միայն մեղադրյալի պաշտպանների կողմից է բողոքարկվել, այլև տուժողների իրավահաջորդների կողմից»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ նրանք համարում են, որ 5 տարի 6 ամիս ազատազրկումը շատ մեղմ պատիժ է Ջալալ Հարությունյանի համար։
«Առաջին ատյանի դատարանը չափազանց օբյեկտիվ քննություն կատարեց, ինչի արյդունքում մեղադրական վերդիկտ կայացրեց և 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտեց Ջալալ Հարությունյանին։ Դատավճիռը բողոքարկվել է ոչ միայն մեղադրյալի պաշտպանների, այլ նաև մեր կողմից. մենք համարում ենք, որ պատիժը շատ մեղմ է։ Հաշվի առնելով 20 զինծառայողի մահվան փաստը, կարծում եմ, որ առավելագույն պատիժը՝ 8 տարվա ազատազրկումը, կլիներ արդարացի»,–նշեց նա։
Անդրադառնալով Ջալալ Հարությունյանի փաստաբանների մամուլի ասուլիսում հնչած հայտարարությանն այն մասին, որ Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարության մոտ ի սկզբանե եղել է փախուստային տրամադրություն, Լիպարիտ Սիմոնյանն ասաց.
«Խնդիրը նրանում է, որ պաշտպանական կողմը շեղում է իրավիճակը և ճիշտ չի ներկայացնում փաստական տվյալները։ Ամբողջ խնդիրը կայացել է նրանում, որ դիվիզիոնի հրամանատարական կազմը, տեսնելով դիմացից եկող զորախումբ՝ ըստ տարբեր ցուցմունքների 150-250 զինվորով, իսկ դիվիզիոնի անձնակազմը բաղկացած է եղել ընդամենը 25-30 հոգուց։ Իրավիճակը գնահատելով՝ սկզբում հրաման են տվել, որ թողնեն մարտական դիրքը, սակայն որոշ ժամանակ անց Ջալալ Հարությունյանի կողմից տեղեկություն է հայտնվել հրամանատարական կազմին, որ մերոնք են։ Դա հիմք է տվել մնալու մարտական հենակետում, եթե այդ սխալ հրամանը չլիներ, տղաները դուրս կգային այդ մարտական հենակետից»։
Անդրադառնալով Ջալալ Հարությունյանի փաստաբանների պնդմանն այն մասին, որ Գենադի Բաղդասարյանը կարող է սխալ փոխանցած լինել Ջալալ Հարությունյանի խոսքերը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն ասաց.
«Ոչ միայն Գենադի Բաղդասարյանը, այլև շատ այլ անձինք են հարցաքննվել և ցուցմունք տվել, որ Ջալալ Հարությունյանը հստակ ասել է՝ «մերոնք են»։ Բացի այս կա նաև մատյանի գրառում, որտեղ նույնպես այդպես է գրված»։
Խոսելով այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի փաստաբանները պնդում են, թե դատարանը դատավարության ընթացքում մի շարք խախտումներ է թույլ տվել և կողմնակալ վերաբերմունք ունի գործի նկատմամբ, փաստաբանն ասաց.
«Իմ գործընկերները շատ պրոֆեսիոնալ են, և եթե դատավարության ընթացքում տեսնեին, որ դատարանը կողմնակալ է, ապա անմիջապես ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեին։ Հարց է առաջանում՝ ինչու՞ ոչ մի անգամ ինքնաբացարկ չներկայացրին։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ դատավարությունն ընթացել է շատ արդարացի, և մինչև վերդիկտ կայացնելը պաշտպանական կողմից որևէ առարկություն չի եղել դատարանի դեմ։ Երբ վերդիկտը կայացվեց, պաշտպանական կողմը, հասկանալով, որ Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել , փորձեց ձախողել դատական նիստերը, այսօր էլ ասում են, որ դատարանը եղել է ոչ օբյեկտիվ»։
Լրագրողի հարցին՝ նրանք փորձում են ամեն ինչ անել, որ Ջալալ Հարությունյանը պատիժ չկրի՞, փաստաբանը պատասախանեց.
«Բնականաբար, նպատակը դա է։ Վերդիկտից հետո մի դատական նիստ ձախողեցին, հաջորդ նիստին միջնորդություններ ներկայացրին դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հետ կապված, ինչը մինչև վերդիկտը կայացնելը պետք է անեին»։
Մանրամասները՝ տեսանյութում։











