NEWS.am-ը Ամանորի կապակցությամբ նախաձեռնել է հարցազրույցների շարք մեր նախարարների հետ, որի շրջանակներում էլ ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել են Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Ինչպե՞ս եք որոշել այս տարի անցկացնել Ամանորը, որտե՞ղ, ու՞մ հետ:

Ամանորը միշտ դիմավորել եմ Հայաստանում, 36 տարվա ընթացքում մեկ բացառություն է եղել, երբ  ուսանող ժամանակ Ամանորը դիմավորել եմ Մարսելում, այն ժամանակ ուսանող էինք այնտեղի բուհերից մեկում եւ որպես ուսանող` գումար չունեինք, որ մեզ թույլ տայինք վերադառնալ Հայաստան, ստիպված մնացինք այնտեղ նշելու: Այս տարի կնոջս եւ երկու տղաներիս հետ Ամանորը նշելու ենք Դիլիջանի հանգստյան տներից մեկում: Մեկնելու եմ դեկտեմբերի 31-ին օրվա երկրորդ կեսին եւ կվերադառնամ հունվարի 4-ին, որպեսզի Սուրբ ծննդյան տոնը նշեմ ծնողներիս հետ: Մենք միշտ ծնողներիս հետ ենք դիմավորել Նոր տարին, բայց քանի որ մենք ընտանիքով տեղափոխվել ենք այլ բնակարան, այս տարի Ամանորի սցենարը այսպես է:

Ինչքա՞ն է կազմում ամանորյա ձեր ծախսը:

Չեմ կարծում, որ իմ ծախսերի հետ կապված խնդիրը ձեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում պետք է լինի: Ոչ այնքան թանկ, ինչքան կարելի է ենթադրել:

Որոշե՞լ եք, թե ինչ եք նվիրելու ձեր հարազատներին, անձամբ ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ: Նյութական առումով ամենաթանկ ամանորյա նվերը ո՞րն է եղել` մեքենա, ժամացույց կամ այլ բան:

Մեծ որդիս նամակ է գրել Ձմեռ պապիկին եւ ինձ պատմել, որ գրել է, որ ինչ էլ ինձ նվեր բերես, ես շատ կուրախանամ, բայց ինձ ականջի ծայրով լսեցրեց, որ ռոբոտ խաղալիք է ուզում: Փոքր որդիս  երեք տարեկան է, նամակ գրել չի կարողանում, բայց խնդրել է, որ Ձմեռ պապիկին փոխանցեմ, որ ավտոմեքենա է ուզում: Գաղտնիք է, թե մնացած հարազատներիս ինչ կնվիրեմ: Ցանկացած նվեր, որի մեջ ուշադրություն եւ հոգի կա դրված, ինձ ուրախացնում է, դա կարող է լինել շատ լավ գիրք, օծանելիք, փողկապ: Արդեն սկսել եմ ամանորյա նվերներ ստանալ եւ լավագույն նվերը, որ ստացել եմ, անկախության 20-ամյակին նվիրված ֆոտոալբոմն է. որն ինձ շատ ուրախացրեց:

Ինչ վերաբերում է ամենաթանկ նվերին, ապա մեքենա չունեմ եւ չեմ էլ ուզում ունենալ, վարել չգիտեմ, գերադասում եմ դրան վերաբերել որպես փոխադրամիջոցի, ունեմ պաշտոնական, աշխատանքային մեքենա: Ամենատպավորիչ նվերը 10 տարի առաջ եմ ստացել, բջջային հեռախոսն էր, ընկերներս էին նվիրել: Այն ժամանակ, ես` որպես Բժշկական համալսարանի օրդինատոր, ինձ չէի կարող թույլ տալ նման բան գնել:

Ի՞նչ եք անում Ամանորի գիշերը, ինչքա՞ն եք խմում, ի՞նչ եք ուտում, պարու՞մ եք, թե՞ ոչ:

Դիմավորում  եմ ավանդական եղանակով, հենց 12-ը զարկում է, բացում ենք շամպայնը, արագ լցնում ենք, տնեցիքով իրար շնորհավորում ենք, հայրս ամանորյա կենացներ է ասում, համբուրում ենք բոլորին: Փորձում եմ Նոր տարուն շատ քիչ ուտել, չխառնել իրար: Այն տները, որտեղ այցելում եմ, գիտեմ որտեղ ինչ եմ ուտելու: Կան տներ, որտեղ հատուկ ինձ համար բան են սարքում, օրինակ`  լոբով պաշտետ շատ եմ սիրում եւ ընկերներիցս մեկի տանը ինձ համար լոբով պաշտետ են սարքում: Առհասարակ շատ եմ սիրում աղցաններ եւ նախուտեստներ, տաք ուտեստներ այդքան չեմ սիրում, սիրում եմ քաղցրավենիք: Սեփական ձեռքով ոչինչ պատրաստել չեմ կարող, բացի ձվածեղից եւ բուտեբրոդներից: Պարում եմ մեծ սիրով, եթե ցանկանում եմ` կախված տրամադրությունից եւ շրջապատից: Սիրում եմ խմել ոչ աշխատանքային օրերին, օղի չեմ սիրում, գլխացավ է առաջացնում, գինին եւս, գարեջուրը ձմեռվա ամսիներին կիրառելի չէ: Որպես կանոն` խմում եմ կամ կոնյակ, կամ վիսկի: Վիսկին հարմար է այդ տեսակետից, որովհետեւ երբ մի քիչ սառույց ես խառնում, գլուխ պահելու խմիչք է դառնում: Խմելուց շատ եմ խմում, որպես կանոն` 90 տոկոս դեպքերում բարիանում եմ եւ քեֆ անում, երբեմն պարփակվում եմ եւ դառնում ինքնամփոփ:

Ինչպիսի՞ն էր 2011թ ձեր ընտանիքի համար եւ ինչ ծրագրեր ունեք 2012թ:

Մարդու անձնական կյանքն անձեռնմխելի է, տես ՀՀ սահմանադրություն: Այնքանով, որքանով կարող եմ Ձեզ ասել, ես շնորհակալ եմ Աստծուց, որ այս տարի իմ ընտանիքում կորուստներ չեղան: Ուրախ եմ, որ, այնուհանդերձ, կարողացել եմ իմ մտերիմների հետ ժամանակ անցկացնել: Ցավով պետք է նշեմ, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը այնպիսին է, որ իմ հարազատ մարդկանց այնքան հաճախ չեմ տեսնում, ինչքան կցանկանայի տեսնել: Հատկապես, կարոտը զգում  են տղերքս, ովքեր պարբերաբար զանգահարում են եւ խնդրում են, որ ուշ չգամ տուն:

Ամանորին պաշտոնյաներից ո՞ւմ տներն եք այցելում եւ ավանդական դարձած կոնյակ ու բոնբոնեռկան տանո՞ւմ եք:

Այս տարի այցելելու եմ ծնողներիս տուն, տիկնոջս ծնողների, քավորիս տուն եւ շատ մտերիմ ընկերների տներ: Պաշտոնյաների տուն երբեք չեմ գնացել, եթե պաշտոնյան ընկեր է, իրար բնակարաններ փոխայցելություններ լինում են: 15 տարվա ընկերական հարաբերություններ ունենք ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ, ընկերներից նաեւ այցելում եմ Տարոն Մարգարյանին, եւ որպես Մարգարյանների տոհմի նկատմամբ հարգանք, եւ ուշադրություն Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, եւ նաեւ իմ ընկերն է: Իրար շնորհավորում ենք նաեւ այլ ընկերներով նույնպես` Արման Սահակյան, Էդուարդ Շարմազանով, Միքայել Մինասյան, Հովհաննես Սահակյան, Վահե Հակոբյան, Արտյոմ Ղուկասյան եւ այլն:

Իհարկե, երբեք դատարկ ձեռքով չենք գնում, իսկ թե ինչ ենք տանում, կախված է այդ պահից, հատուկ պատրաստություններ չենք տեսնում: Բայց ֆորմատը պահպանում ենք` ինչ-որ մի խմիչք, քաղցրավենիք եւ եթե երեխա կա, ապա մի բան էլ նրա համար:

Իմ վերադասների տուն չեմ գնում, նախորդ տարիներին հունվարի 1-ին կեսօրից հետո նախարարության կոլեկտիվը հավաքվում եւ գալիս էր մեր տուն ու լավ քեֆ էինք անում: Ոչ մի կորպորատիվ երեկո չենք անելու, անցյալ տարի 400 հոգանոց մեծ քեֆ ենք արել, իսկ այս տարի որոշեցինք չանել: Նեղ շրջանակով Հին նոր տարին ոչ աշխատանքային ժամի կփորձենք նշել աշխատակիցների հետ միասին:

Ձեր կյանքի ամենահիշարժան Ամանորը ո՞րն էր:

Երբ դպրոցում էինք սովորում եւ ուսանողական տարիներին, այդ օրը մեր ընկերներից մեկի ծնունդն էլ էր եւ մենք մեր ամանորյա շրջագայությունը ավարտում էինք իրենց տանը` Ամանորը վերածելով ծննդի մինչեւ ժամը 8-ը նշելով: Այդպես է եղել տարիներ շարունակ, մինչեւ ընկերներս եւ ես մեծացանք, ցավոք իրար կողք չենք բնակվում: Հիշարժան էր առաջին Ամանորը, երբ 2006-2007թթ Ամանորին ծնվեց առաջնեկս եւ ես որպես հայր էի դիմավորում, հիշարժան էր երկրորդ որդուս ծննդյան Ամանորը: Ամենանսովոր Ամանորը Մարսելում էր, երբ եվրոպական ձեւով դիմավորեցինք: Քաղաքից դուրս գիշերային ակումբի տոմսեր էինք գնել, դիսկոտեկա էին կազմակերպել, համալսարանի ղեկավարությունը եւ ուսանողներով գնացինք այդտեղ Ամանորը նշելու:

Երբեւէ Ձմեռ պապիկի դերում եղե՞լ եք, հավատու՞մ եք նրա գոյությանը: Եթե հավատանք, որ Ամանորի գիշերը երազանքները իրականություն են դառնում, ի՞նչ երեք երազանք կպահեք

Դպրոցում հանդես էին կազմակերպել փոքրդասարանցիների համար, եւ քանի որ ես ամենաբարձրահասակն էի դասարանում ու թիկնեղը, ինձ ընտրեցին, իհարկե, ոչ ոք չիմացավ, որ դա ես եմ: Ինձ ընտրեցին Ձմեռ պապ եւ մեր դասարանից մի անուշիկ աղջիկ էլ Ձյունանուշ էր:Ձմեռ պապիկի ֆիզիկական գոյությանը հավատացել եմ երկար ժամանակ, համենայն դեպս, մինչ գիտակցական կյանքը չբացեց աչքերս: Իսկ Ձմեռ պապի բարոյական, հոգեւոր կերպարին մինչ այսօր հավատում եմ, որպես բարության մարմնավորում: Իսկ երեխաներիս համար Ձմեռ պապ է  իրենց հոպարը` եղբայրս, մի անգամ էլ դրսից էինք կանչել:Առաջին երազանքս այն է, որ իմ հարազատները, մտերիմները առողջ լինեն: Երկրորդ երազանքս մեր երկրին խաղաղություն եւ առաջընթաց է, երրորդ երազանքս էլ տարվա ընթացքում կտեսնենք` ինչն է պակասում եւ կցանկանամ:

Երբեւէ դիմակահանդեսի մասնակցե՞լ եք, ի՞նչ կերպարով եք ներկայացել, այժմ մասնակցելիս ի՞նչ կերպարով կներկայանայիք:

Դպրոցական տարիներին մեկ անգամ ճտքավոր կատու էի, մի անգամ էլ` հրացանակիր էի: Ուսանողական տարիներին ավելի շատ դիմակներ ենք դրել, կերպարանոփոխություններ չեն եղել: Հիմա ոչ մի դիմակով էլ չէի գնա, հոգնել եմ դիմակներից եւ քաղաքական կյանքում, եւ առօրյա կյանքում, կարծում եմ` վաղուց  ժամանակն է, որ դիմակը չլինի առօրյա կյանքի կարեւոր ատրիբուտ: Անկախ նրանից` ինչպիսի աշխատանքային պայմաններում ես, միշտ պետք է փորձես լինել ազնիվ եւ դիմակազերծված: Եթե հիմա դիմակահանդեսի մասնակցեի, ինչ-որ ֆրակով կգնայի:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը