Ստորագրվել է համատեղ հայտարարություն Ադրբեջանի եւ Չինաստանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ։
Ինչպես հաղորդել է APA-ն, հայտարարությունը ենթադրում է փոխադարձ աջակցություն իրենց ժողովուրդների ընտրած եւ ազգային պայմաններին համապատասխան զարգացման ուղու ընտրության, աջակցություն երկու երկրների հիմնարար շահերի, ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերում։ Ադրբեջանական կողմն ընդունում է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, Չինաստանի կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը, կտրականապես դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձեւին եւ աջակցում է Չինաստանի կառավարությանը երկրի վերամիավորման գործում։
Չինաստանը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին եւ հակաարդյունավետ է համարում առճակատմանն ուղղված աշխարհաքաղաքական խաղերը։
Կողմերը նշել են, որ առաջնորդվելու են պետությունների ղեկավարների դիվանագիտությամբ եւ կնպաստեն երկկողմ հարաբերությունների կայուն եւ երկարաժամկետ զարգացմանը։ Կողմերը աջակցում են «Ենի Ազերբայջան» կուսակցության եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության միջեւ քաղաքական երկխոսության ամրապնդմանը։ Կողմերը պայմանավորվել են ուժեղացնել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության համապատասխանեցումը Ադրբեջանի «Մետաքսի ճանապարհի վերածնունդ» պետական զարգացման ռազմավարությանը եւ սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությանը մինչեւ 2030թ.՝ համատեղ խթանելու համար արդիականացումը եւ նոր տարածք ստեղծելու ավելի բարձր մակարդակի համատեղ զարգացման, կայունության բարձրացման եւ երկարաժամկետ կայունության նպատակով:
Որոշում է ընդունվել ստեղծել ներդրումային համագործակցության աշխատանքային խումբ՝ ամրապնդելու համագործակցությունն առեւտրի, ներդրումների, կանաչ էներգիայի եւ թվային տնտեսության ոլորտներում, ինչպես նաեւ խթանելու երկկողմ համագործակցության որակյալ զարգացումը առեւտրատնտեսական ոլորտում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել սկսել բանակցություններ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ՝ ապահովելով ինստիտուցիոնալ երաշխիքների բարձր մակարդակ առեւտրի եւ ներդրումների ոլորտներում համագործակցության խորացման համար։ Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում շարունակաբար խորացնել համագործակցությունը արդյունաբերության ոլորտում եւ ակտիվորեն նպաստել արդյունաբերության թվային վերափոխմանը։ Իրենց պատրաստակամությունն են հայտնում ակտիվորեն զարգացնել համագործակցությունը վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում՝ նպաստելով էներգետիկ անցմանը, երկու երկրների կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ համատեղ խթանելով մաքուր էներգիայի ոլորտում գլոբալ գործընկերության ձեւավորումը։ Կողմերը բարձր են գնահատել Ադրբեջանի կառավարության եւ Չինաստանի կառավարության միջեւ միջազգային մուլտիմոդալ փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը։
Չինաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի եւ երթուղու մյուս երկրների հետ՝ հետեւողականորեն բարելավելու մաքսազերծման հարմարավետությունը եւ բեռնափոխադրումների արդյունավետությունը՝ համատեղ կառուցելով անվտանգ, կայուն, ուղիղ եւ տրանսկասպյան Չինաստան-Եվրոպա-Չինաստան արագընթաց ուղիներ: Կողմերն ընդգծել են, որ ահաբեկչությունը, անջատողականությունը եւ ծայրահեղականությունը լուրջ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար, եւ կարեւոր է համատեղ կանխել եւ հակազդել այդ չարիքին։ Կողմերն ընդգծում են հումանիտար ականազերծման ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման կարեւորությունը։
Չինաստանն աջակցում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ադրբեջանի շուտափույթ անդամակցությանը։





























