Հայաստանի գործող իշխանությունները երբեք չեն ժխտել եւ մտադիր չեն ժխտել Հայոց ցեղասպանության փաստը։ Այս մասին ապրիլի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ ցեղասպանությունն ուղղակի տեղ չունի «ներկայիս Հայաստանում»։ «Եվ ընդհանրապես, սկզբունքորեն, Հայաստանում երբեք չպետք է լինի ցեղասպանություն»,- ավելացրել է Ալեքսանյանը։
Նա անդրադարձել է նաեւ 2023թ. Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներին՝ ընդգծելով, որ նման բաներ երբեք չպետք է կրկնվեն «ներկայիս Հայաստանում»։ «Ցեղասպանության հիշողությունն ապրում է մեր սրտերում։ Մենք՝ մեր կառավարությունը, երբեք չենք ժխտել եւ չենք էլ պատրաստվում ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, բայց ցեղասպանությունը մեր կողմից դրամայնացված չէ եւ միջազգային հարաբերություններում առեւտրի առարկա չի դառնում»,- ընդգծել է պատգամավորը՝ դրանում մեղադրելով ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։





























