Ավետիք Իսահակյանի հոբելյանին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովում քննարկման ժամանակ առաջարկ է արվել Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը ի պատիվ Իսահակյանի անվանակոչելու հարցը Երեւանի ավագանու ուշադրությանը ներկայացնելու մասին։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ առաջարկը ներկայացվել է մայրաքաղաքի ավագանի, ուստի հարցը գտնվում է նրա իրավասության տակ։

Անդրեասյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է հայ բանաստեղծի ծննդյան 150-ամյակը։ «Ստեղծվել է հանձնաժողով, որում ընդգրկված են մտավորականության կարկառուն ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Իսահակյանի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ նրա թոռը»,- ավելացրել է նախարարը։