«Ֆրանսիայի օրերը Հայաստանում» ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում ապրիլի 25-ին, ժամը՝ 16։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա դասախոսություն՝ նվիրված հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչություններին և Կոմիտաս Վարդապետի կյանքի վերջին տարիներին։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտն իր դասախոսությամբ կանդրադառնա հայ-ֆրանսիական մշակութային փոխազդեցություններին, որոնք ներդաշնակություն են ստեղծել արևելյան և արևմտյան քաղաքակրթության միջև։

Երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտաշխատող Լիլիթ Հարությունյանն իր «Նամակներ Վիլժուիֆից» դասախոսության ժամանակ կներկայացնի արխիվային նամակներ, որոնք գրել են Կոմիտաս Վարդապետի բուժող բժիշկները՝ նրա առողջության, հոգեվիճակի և կյանքին վերաբերող ուշագրավ մանրամասներով։ Այս նյութերը թույլ են տալիս նորովի և առավել ամբողջական ընկալել լռության և մեկուսացման շրջանը նրա կենսագրության մեջ։

Ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում անցկացվող համերգ–բանախոսությունների, ցուցադրությունների նպատակն է ոչ միայն Կոմիտաս վարդապետի, կոմպոզիտորի, բանահավաքի, ազգագրագետի, ազգային կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցչի գործունեության լայն շերտերը հանրությանը ճանաչելի դարձնելը, այլ նաև ֆրանսիական և հայկական մշակութային փոխառնչությունները հայ մշակութասերներին ներկայացնելը։