Իսրայելի կառավարությունը հրապարակել և այնուհետև ջնջել է սոցիալական մեդիայի գրառումը, որտեղ ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ՝ առանց պատճառաբանելու, թեև իսրայելական պարբերականը որոշումը կապում է հանգուցյալ քահանայապետի՝ Գազայի պատերազմին ուղղված քննադատության հետ, գրում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ երկուշաբթի Իսրայելի կառավարության X սոցիալական ցանցում հաղորդագրություն է տեղադրվել, որում ասված է. «Հանգչիր խաղաղությամբ, Ֆրանցիսկոս պապ, օրհնյալ լինի Քո հիշատակը», հաղորդագրությանը կցվել է Երուսաղեմի Լացի պատն այցելած Հռոմի պապի լուսանկարը։

The Jerusalem Post-ն, իր հերթին, մեջբերել է ԱԳՆ պաշտոնյաներին, որոնք ասում են, որ Հռոմի պապը «հայտարարություններ է արել Իսրայելի դեմ», և որ սոցիալական ցանցում գրառումը հրապարակվել է «սխալմամբ»:

Երկուշաբթի 88 տարեկան հասակում մահացած Ֆրանցիսկոս Առաջինն անցած նոյեմբերին համաշխարհային հանրությանը կոչ արեց ուսումնասիրել, թե արդյոք Իսրայելի ռազմական արշավը Գազայում ցեղասպանություն է պաղեստինցի ժողովրդի դեմ։

Հունվարին Պապը նաև «ամոթալի» է անվանել Գազայում հումանիտար իրավիճակը ինչին հետևել է Հռոմի գլխավոր հրեա ռաբբիի քննադատությունը, որում նա Ֆրանցիսկոսին մեղադրել է «ընտրովի վրդովմունք արտահայտելու մեջ»:

Իսրայելն, իր հերթին, հայտարարել է, որ Գազայի հատվածում իր արշավում ցեղասպանության մեղադրանքներն անհիմն են, և որ նա թիրախավորում է միայն ՀԱՄԱՍ-ին և այլ զինված խմբավորումներին: