Եվրամիությունը պատրաստ է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային հավաք կազմակերպել՝ հայաստանյան բարեփոխումներին աջակցելու համար։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Ստանոն՝ միաժամանակ ընդգծելով, որ ընտրությունները պետք է անցնեն ազատ ու արդար։

«2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրամիությունը պատրաստ է կազմակերպել միջազգային հավաք՝ Հայաստանում կայուն բարեփոխումների համար միջազգային համայնքի աջակցությունը համախմբելու համար։ Եվրամիությունը բազմիցս ընդգծել է, որ անհրաժեշտ է այս ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան եւ իրագործել ստանձնած պարտավորությունները։ Եվրամիության համար ամենակարեւոր առաջնահերթությունը բարեփոխումներն են՝ ժողովրդավարության ոլորտում, արդարադատության համակարգում ու տնտեսական դաշտում», - ասել է եվրոպացի դիվանագետը՝ ընդգծելով. «2011-ին մենք Հայաստանի կողմից առաջընթաց նկատեցինք բոլոր այս ոլորտներում, եւ շատ կարեւոր է, որ այդ միտումը պահպանվի նաեւ հետագա տարիների ընթացքում»։

«Եթե ի մի բերելու լինենք 2011-ը, կասեմ, որ երկկողմ հանձնառություն կա՝ էլ ավելի ամրապնդել Հայաստանին ու Եվրամիությանը միացնող կապերը։ Հայաստանը, անշուշտ, շատ կարեւոր գործընկեր է եվրոպական ընտանիքի համար՝ Արեւելյան հարեւանության շրջանակներում, եւ մենք ուրախ ենք, որ այս երկիրը ակտիվ է ու նորանոր նախաձեռնություններ է իրականացնում»,- նշել է Ստանոն:

2012-ին սպասվող ընտրությունները ազատ ու թափանցիկ անցկացնելու անհրաժեշտությունը ընդգծում է նաեւ Եվրամիության արտգործնախարարի գրասենյակը՝ հավելելով, որ ուշադրությամբ է հետեւելու դրանց անցկացմանը։

«Մենք շատ ուրախ էինք լսել Հայաստանի իշխանություններից, որ 2012 թվականի ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, լավագույնը՝ Հայաստանի պատմության մեջ», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոնսիյանչիչը: