Թուրքիայի հետ իրական հաշտություն հնարավոր չէ առանց ցեղասպանության ճանաչման եւ դրա հետևանքների վերացման: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Որովհետև իրական հաշտությունը հարևան երկու ժողովուրդների միջև, հնարավոր է միայն երկուստեքության սկզբունքով, այն դեպքում, երբ որ ամեն հարևան անկեղծ է, հաշտություն հաստատելու մեջ։
Եթե Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը, չի փորձում մեղմել դրա հետևանքները, նշանակում է Թուրքիան անկեղծ չի, նշանակում է Թուրքիան շարունակում է դիտարկել հայերին որպես ցեղասպանության օբյեկտ:
Նրանք փորձում են հիմա հարաբերությունների ինչ-որ քողաշղարշի տակ, պարզապես մեզ զինաթափել, մտավոր, բարոյական, նյութապես զինաթափել, որպեսզի ցեղասպանության հաջորդ փուլն իրականացնեն։
Արցախում մենք տեսանք այդ ցեղասպանության հաջորդ փուլի առաջին արարը։ Եթե մենք ուզում ենք, որ դա չշարունակվի, եթե ուզում ենք ապրել մեր հողի վրա, մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը կարող է լինել միայն երկուստեք անկեղծության հիման վրա։
Երբ որ այս իշխանությունը փոխվի, իսկ դրան շատ չի մնացել, այս ամբողջ միակողմանի գործընթացը դադարեցվելու է»,- հայտարարեց Չալաբյանը:











