Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ասում է հետևյալը՝ իրական Հայաստանը այն Հայաստանն է, որ ենթարկվում է Թուրքիային: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Նա պարզապես չի ուզում բացահայտ ասի: Փաշինյանը միշտ դոզավորված է մատուցում ճշմարտությունը, սկզբից սկսում է ստից: Օրինակ, սկզբից ինքը ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա տառացիորեն դրանից հինգ տարի հետո հասել է նրան, որ ասում է՝ Արցախը մեր վրա միշտ բեռ է եղել։ Դուք պետք է հասկանաք, որ այդ մարդը իր ստերը և կամ իր ճշմարտությունը, իր պատկերացրած մատուցում է դոզավորված, հիմա նույնը մատուցվում է դոզավորված: Այսինքն Փաշինյանի վերջնախաղը հինգ տարի հետո հետևյալն է, որ հայերը պետք է իսլամ ընդունեն և թուրքերեն խոսեն, որպեսզի կարողանան այս տարածաշրջանում ապրել։
Նա դրան է տանում։ Եթե մենք դա չկանգնեցնենք, մենք դրան ենք հասնելու: Ցցավոք, Օսմանյան կայսրության տարածքում բազմաթիվ հայեր ստիպված են եղել իսլամ ընդունել, ստիպված են եղել թրքախոս կամ քրդախոս դառնալ, որ իրենց կյանքը կարողանան պաշտպանել։ Եթե մենք չենք ուզում այդ հեռանկարին հասնենք, պետք է այս փոքր պետությունը դառնա անառիկ ամրոց, որպեսզի մենք վերջիվերջո չլուծվենք քրդական և թուրքական մեծամասնության մեջ։
Եթե ուզում ենք մնանք հայ, խոսենք մեր լեզվով, հավատանք մեր Աստծուն, շարունակենք ապրել մեր արժեքներով, մեր հողի վրա, մեր այս գիտակցությամբ, նշանակում է պետք է դառնանք անառիկ ամրոց։ Ուրիշ ձև չկա, չես կարող միակողմանի բացվես ագրեսորի համար»,- հայտարարեց նա:











