Իշխանության ոչ մի ժամանակավոր ներկայացուցիչ չի կարող թելադրել մեր օրակարգը եւ չպետք է ասի, թե ինչը մենք պետք է հիշենք, պահանջենք ու պաշտպանենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ, առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ 110-ամյա վաղեմության իրադարձությունները, ինչպես նաեւ այն, ինչ տեղի ունեցավ վերջին 2-3 տարիներին, ավելին են, քան ցեղասպանություն։

Նա դա անվանել է մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում եւ հանցագործություն մարդկության դեմ՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդը դուրս կգա ներկա բարդ իրավիճակից։

Հովհաննիսյանը հրաժարվել է մեկնաբանել իշխանությունների հայտարարությունները, որոնք, նրա կարծիքով, իրավունք չունեն փոխել հայերի պատկերացումներն իրենց իրավունքների եւ շահերի մասին։ «Մենք պետք է ընդունենք նրանց ղեկավարությամբ կրած պարտությունները, բայց պետք է հասկանանք, որ առանց ազգային շահերի ու արժեքների ըմբռնման ապագա չկա։ Իշխանությունները չեն կարող, փորձելով սպանել մեր անցյալը, սպանել մեր ապագան։ Հայերը ցանկանում են ապրել խաղաղության մեջ, եւ Հայաստանի բոլոր իշխանությունները ձգտել են կարգավորել հարաբերությունները (Թուրքիայի հետ– խմբ.) առանց նախապայմանների։ Չնայած այն հանգամանքին, որ նրանք սխալներ թույլ տվեցին, նրանք պահեցին թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ մեր սահմանները»,- եզրափակել է ընդդիմադիր քաղաքական գործիչը: