Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշը այրելուց ոչ ոք հրճվանք կամ գերհաճույք չի ստանում, դա ընդամենը հասարակ մարդկանց արձագանք է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտելի էր համարել հարեւան երկրների դրոշներն այրելը:

«100 տարվա ընթացքում մեզ հետեւողականորեն  դուրս են մղում մեր տնից՝ կոտորելով: Վերջինը 23 թվականի սեպտեմբերի 19-ին էր: Ես հասկանում եմ, որ գոյություն ունի  իշխանական տեսլական՝ գնալ և բարելավել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները, բայց մենք պետք է շատ հստակ և պարզ ֆիքսենք հետևյալը, որ Թուրքիան և Ադրբեջանը բարելավման և խաղաղության տեսլականի ներքո տեսնում են արևմտյան Ադրբեջանը և հայերի բնաջնջումը։

Հիշեցնեմ, միգուցե մոռացել է իշխանությունը, նույն Էրդողանը, երբ որ օկուպացված Արցախում ռազմական զորավարժություններ էին և հետո զրահանդես էր, մի հայտարարություն արեց, որը չգիտես ինչու այս իշխանության մոտ վրդովմունք չառաջացրեց: Նա ասաց՝ այսօրը փառավորվեց Էնվեր Փաշայի հոգին:

Կարելի է անտեսել, ուշադրություն չդարձնել ասել՝ դե լավ, անցավ գնաց: Չէ, չանցավ, գնաց:  Միգուցե հայտնվեն մարդիկ, որ տեղեկատվական տեռորից ուղղակի խելագարված, ասեն՝ դե լավ, եկեք մոռանանք ցեղասպանությունը, մոռանանք, որ Արցախում կոտորած է եղել, որ Հայաստանի Հանրապետության տարածքները օկուպացված են, եկեք մոռանանք, որ չկա գեթ մեկ գյուղ կամ քաղաք Հայաստանում, որի վրա թուրքը իր կեղտոտ երախը չի բացում: Այդ ամեն ինչ կարող եք մոռանալ, բայց հիշեք մի բան, թուրքը դա չի մոռանալու, որ մտել է մեր ու մանուկ մորթել է ու անպատիժ է մնացել: Դա, ըստ էության, ուղիղ իմաստով հրավեր է Թուրքիային ու Ադրբեջանին, որ ամեն ինչ կարելի է անել»,-ասաց Աբովյանը:

Նա հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ Սիրիայում զանգվածաբար կոտորվեցին ալավիները թուրքերի և թրքամետ խմբավորումների կողմից. «Ինչ-որ բան եղա՞վ, Թուրքիայի հանդեպ սանկցիա գոնե մի հատ պուճուրիկ մտցրեցի՞ն, Իսկ ինչի՞ ենք մենք համոզված, որ մեր հանդեպ նման նախագիծը ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն նախապատրաստում: Դուք կարող եք մոռանալ ցեղասպանությունը, բայց ցեղասպանողը երբեք չի մոռանա դա»: