Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շաբաթ օրը միջուկային բանակցությունների ժամանակ Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆին ասել է, որ հնարավոր չէ վերջնական միջուկային համաձայնության հասնել նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ժամանակացույցի վերաբերյալ և հարցրել է, թե արդյոք կողմերը նախ պետք է համաձայնության գան միջանկյալ համաձայնագրի շուրջ, հաղորդում է Axios պարբերականը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու անձանց:

Թրամփը երկամսյա ժամկետ է սահմանել Իրանի հետ բանակցությունների համար և հրամայել է դիվանագիտության ձախողման դեպքում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ուժեր կուտակել։ Եթե ​​համաձայնություն ձեռք չբերվի, Թրամփը կարող է հրամայել ԱՄՆ ռազմական հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին կամ աջակցել Իսրայելի հարվածին: Թեև երկու աղբյուրներ Axios-ին հայտնել են, որ Արաղչին ժամանակավոր գործարքի առաջարկ է ներկայացրել, ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է դա Axios-ին տված հայտարարության մեջ:

Axios-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրանցիները դիտարկում են ժամանակավոր գործարք կնքելու հնարավորությունը:

Ըստ լրատվամիջոցների՝ Արաղչին  Ուիթքոֆին ասել է, որ հաշվի առնելով ցանկացած միջուկային գործարքի մանրամասն տեխնիկական բնույթը, շատ դժվար կլինի 60 օրվա ընթացքում ավարտել բանակցությունները:

Ուիթքոֆն, իր հերթին, Արաղչիին ասել է, որ առայժմ չի ցանկանում քննարկել միջանկյալ գործարքը։ Փոխարենը, նա ցանկանում է կենտրոնանալ 60 օրվա ընթացքում համապարփակ գործարքի հասնելու վրա: Եթե ​​երկու կողմերն էլ զգան, որ այդ վերջնաժամկետի մոտենալուն զուգընթաց զգալիորեն ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, նրանք կարող են վերադառնալ միջանկյալ գործարքի գաղափարին, ըստ աղբյուրների, ասել է Ուիթքոֆը։

Աղբյուրները նշում են, որ Արաղչին և Ուիթքոֆն անուղղակի բանակցություններ են վարել Հռոմում Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդիի միջնորդությամբ, ինչպես նաև հանդիպել են դեմ առ դեմ: