Ամանորյա տոներից առաջ հայկական թռչնաբուծարանները մտադիր չեն բարձրացնել ձվի մեծածախ վաճառքի գինը: Այդ մասին են վկայում NEWS.am-ի անցկացրած հարցումներն արտադրողների շրջանում:

Ինչպես հաղորդել են «Արզնի տոհմային թչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի մարքեթինգային ծառայությունից,  ձվի գինը դեկտեմբերին անփոփոխ է մնացել:  Քաշով պայմանավորված (00, 0, 01 եւ 02)` ձվի մեկ հատի գինը տատանվում է 30-50 դրամի միջակայքում:

«Լուսակերտի տոհմային թչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն եւս ձուն նախկին գներով է վաճառում», -  NEWS.am-ին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Եփրեմյանը:

Ինչպես հայտնել են Աշտարակի թչնաբուծական ֆաբրիկայի  («Աշտարակ ձու» ՍՊԸ) մարքեթինգային ծառայությունից, ընկերությունը ներկա պահին թեթեւ` 00 եւ 0 քաշի ձվեր չի իրացնում:  01, 02 եւ 03  կարգի ձվերի մանրածախ վաճառքի գինը տատանվում է 54 – 58 դրամի միջակայքում:

Ինչպես տարեսկզբին,  այժմ եւս «Արզնի»-ում մտահոգություն հայտնեցին ներկրված ձվերի առիթով:  «Մենք գինը բարձրացնել չենք ցանկանում:  Մանրածախ առեւտրի դեպքում ձուն վաճառվում է նվազագույն Էքսպեդիտորական շահույթով, իսկ ֆիրմային խանութներում` գործարանային գներով: Սակայն ինչ-որ մեկը կրկին ձու է ներկրում, որը տոներից հետո, ամենայն հավանականությամբ, կիրացնի շատ էժան գներով, որպեսզի չհնանա:  Կարող եք պատկերացնել, թե շուկայում ինչ հետեւանքներ կունենա դա»,- նշել են մարքեթինգային ծառայությունում:

Հիշեցնենք, որ  ձվի  ներկրման մասին շուկայի մասնակիցները լիաձայն խոսել են 2010թ. վերջին, երբ ֆինանսական դժվարությունների պատճառով շուկայում որոշ տնտեսվարողներ սկսեցին արտերկրից ձու ներկրել:

Դատելով շուկայի մասնակիցների հայտարարություններից` կարելի է ենթադրել, որ ներկրումը սկսվել է 2010թ. չորրորդ եռամսյակում (մինչ այդ երկիրը մի քանի տարի հավի ձու չէր ներկրում):  Համաձայն մաքսային վիճակագրության` ձվի ներկրումն այս տարի ավելացել է: Եթե 2010թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան 12 մլն ձու էր ներկրվել, ապա 2011թ. հունվար-սեպտեմբերին` 18,8 մլն: