Հայաստանի ոստիկանությունը շնորհավորել է Ամանորն ու Սուրբ ծնունդը` չմոռանալով զգոնության ու սթափության կոչ անել վարորդներին:
«Հարգելի վարորդներ, առջեւում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար ուղեկցվելու են տոնական սեղաններով, ոգելից խմիչքներով եւ լավագույն մաղթանքներով: Բարձր տրամադրության գրավականը ոչ թե խմիչքն է, այլ մարդկանց, տվյալ դեպքում` երթեւեկության մասնակիցների անվտանգությունն ու ապահովությունը: Ուշադիր եւ զգոն եղեք երթեւեկելիս:
Ոստիկանությունը զգուշացնում է, որ տոնական օրերին ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի նպատակը ոչ թե մի քանի կարգազանցի տուգանելն ու պատժելն է, այլ բոլորի անվտանգության ապահովումը: Ներողամտությունն անհրաժեշտ է, բայց ոչ այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է մարդկանց կյանքին եւ առողջությանը: Այս տարի չի լինելու ավանդական ներողամտությունը:
Հարգելի համերկրացիներ, երթեւեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն ծավալեք: Եղեք պահանջկոտ, բարեկիրթ ու գիտակից, եւ տոնը չի մթագնի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Բարի երթ մեզ եւ Նոր տարուն»,- ասված է ոստիկանության շնորհավորական ուղերձում:




























