ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Միջոցառումը կազմակերպված էր Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Միջոցառման նպատակն էր Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային տնտեսական զարգացման ապահովման համար առաջարկել արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմներ և համագործակցության հնարավորություններ։ Միջոցառումը բաղկացած էր մի շարք թեմատիկ քննարկումներից։

Նախարարի տեղակալը ելույթով հանդես է եկել «Մրցունակ Արևելյան գործընկերության տնտեսությունների կառուցում անորոշ ժամանակներում» խորագրով պանելային քննարկմանը։

Իր ելույթում Արման Խոջոյանը կարևորել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովի դերը Արևելյան գործընկերության երկրների տնտեսությունների վերափոխման, դիմացկունության բարձրացման և կայուն համակարգերի ստեղծման տեսանկյունից։

Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի և ԵՄ-ի միջև ամուր և շարունակական հարաբերություններին՝ ընդգծելով Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ ուղղված կառավարման բարելավմանը, նորարարությունների խթանմանը, տնտեսության արդիականացմանն ու թափանցիկության բարձրացմանը։