Վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի առաջին կեսին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Ինչպես հայտնի դարձավ հինգշաբթի՝ ապրիլի 24-ին, ուղևորության ծրագիրը ներառում է նախագահ Իլհամ Ալիևի հետ իրանական խնդրի շուրջ բանակցություններ, հաղորդում է իսրայելական ռուսալեզու Вести-ն։

Իսրայելի առաջնորդի այցը Իրանին սահմանակից մուսուլմանական երկիր տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Իսլամական Հանրապետության միջև միջուկային բանակցությունների ֆոնին։ Կողմերը, ինչպես սպասվում է, կքննարկեն նաև սիրիական հարցը և Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում։

Հայտնի է, որ Նեթանյահուի և Ալիևի քննարկման թեմաների թվում են Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի հնարավոր միանալը, Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հրեական պետության կապերի ամրապնդումը։

Նեթանյահուի այցը Բաքու տեղի կունենա տարածաշրջանում իրավիճակի կայունացման աշխատանքներին Ադրբեջանի միանալուց հետո, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի այցից հետո։

Ալիևը ևս հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ապա՝ Սիրիայի նոր նախագահ Մոհամմեդ ալ-Շարաայի (Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանիի) հետ։ Այսպիսով, Ադրբեջանի նախագահը դարձավ տարածաշրջանի հիմնական «քաղաքական խաղացողներից» մեկը։

Իսրայելը և Միացյալ Նահանգները նրան տեսնում են որպես տարածաշրջանում «բոլոր խաղացողներին միավորելու ունակ» միակ գործիչ։