Բելգիայում քահանային մանկապղծության մեջ մեղադրելու հերթական սկանդալն է տեղի ունեցել: Ձերբակալվել է Դինան քաղաքի նախկին հոգեւոր հովիվ Մարսել Կոլինյոնը:
Դեռեւս 2010թ. սեպտեմբերին թեմական իշխանությունը նրան արգելել էր շփվել անչափահասների հետ, քանի որ բողոքներ էին ստացվել, որ քահանան սեռական բնույթի ոտնձգություններ է կատարում: Նույն տարվա նոյեմբերին Կոլինյոնը թոշակի է ուղարկվել: Ներկա դրությամբ 13-16 տարեկան 12 անչափահաս հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել նախկին քահանայի կողմից:
Հետաքննությունը նաեւ ենթադրում է, որ «փարաջայով մանկապիղծի» այլասերված գործողություններից տուժածների թիվը շատ ավելի մեծ է, սակայն այդ մարդիկ լրատվամիջոցներում հայտնվելու վախից եւ ամոթից չեն ցանկանում նրա դեմ վկայություն տալ: Դինան քաղաքի դատավորը Կոլինյոնի գործողություններից տուժած բոլոր քաղաքացիներին կոչ է արել այդ մասին հայտնել ոստիկանություն` երաշխավորելով չհրապարակել տուժածների ինքնությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բելգիայի հռոմեական կաթոլիկ եկեղեցին մտադիր է գումարային փոխհատուցում տրամադրել մանուկ հասակում հոգեւորական-մանկապիղծների կողմից սեռական բռնության ենթարկված անձանց:




























