ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանը ստորագրել է արձանագրություն Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված համարելու մասին:

«Հիմք  ընդունելով   Սահմանադրական   դատարանի  դատավոր  Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական   դատարանի   դատավոր  Վահե Գրիգորյանի  լիազորությունները»,- նշված է Արշակյանի ստորագրած արձանագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանը 2025 թվականի հունվարին ընտրվել է ՄԻԵԴ դատավոր և պաշտոնավարելու է 9 տարի: