Ես ուզում եմ, որ դուք որևէ տեղեկություն մեզ հայտնեք Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենախոշոր, կոռումպացված գործի մասին, այն է՝ պետություն- ձեռնարկատեր ներդրումային ԱՆԻՖ հիմնադրամի մասին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«ԱՆԻՖ հիմնադրամով 25 միլիարդ դրամ փոշիացվել է։ Այս գործը քննվում է 2022 թվականից, այս գործը երևի կարելի է դասակարգել այն գործերի շարքում, որ կա գործ, բայց չկան մեղադրյալներ։ Վերջը, այս գործով ինչ-որ մեկը պիտի պատասխանատվություն կրի՞, թե՞ ոչ։ Հիմա ինչքան էլ փորձենք մեղադրյալների շրջանակը նեղացնել ու գնալ հասնել բաժնի պետի մակարդակ, ես ուզում եմ հիշեցնել, որ այստեղ տեղի են ունեցել համակարգային խոշոր կոռուպցիոն գործարքներ և դրանից չէր կարող անում ասել մնալ ոչ ԱՆԻՖ-ի տնօրենը, ոչ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը պարծենում էր 2019 թվականին, որ դարի ամենակարևորագույն մարմինն է ձևավորվել, որը փրկելու է մեզ և ներդրումները հոսելու են Հայաստան։

Ներդրումները ոչ միայն չհոսեցին, այլ հպարտ հարկատուների գրպանից 25 միլիարդ դրամ հոդս ցնդեց, և մենք ունենք նաև արբիտրաժում գործ Հայաստանի դեմ՝ «Էյր Արաբիայի» մասով: Այս կառույցում աշխատել են ուժային կառույցների ներկայացուցիչների հարազատներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ, ոստիկանության, դատական համակարգի, դատախազական համակարգի, ԱԱԾ-ի կողմից եղել են ներկայացուցիչներ, որոնք  ստացել են միլիոնավոր դրամների աշխատավարձեր, հիմա չկա ԱՆԻՖ-ը, այդ մարդիկ չկան, բայց անհասկանալի է, թե ինչ ծառայություն էին նրանք ընդհանրապես մատուցում այդ խոշոր աշխատավարձերը ստանալով»,-ասաց նա: