Հնդկաստանի հետախուզական գործակալությունները զգուշացրել են Ջամմուում և Քաշմիրում նոր ահաբեկչական հարձակումների հնարավորության մասին, որոնց թիրախում կլինեն երկրի այլ շրջանների բնակիչները, զբոսաշրջիկները, ոստիկանները և երկաթուղային անձնակազմը, հաղորդում է News18 հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտակայքում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին։ Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, որոնք ձիավարություն էին անում Բայսարանի հովտում, որը զբոսաշրջային հայտնի վայր է։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը։ Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի։

«Զգուշացման մեջ ասվում է, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը և դրա հետ կապված ահաբեկչական կազմակերպությունները պլանավորում են իրականացնել ավելի շատ հարձակումներ, մասնավորապես՝ զբոսաշրջիկների/ոչ տեղացիների, ոստիկանության աշխատակիցների և քաշմիրցի պանդիտների (ուսուցիչներ, քահանաներ) դեմ, հատկապես Սրինագար և Գանդերբալ շրջաններում», - պնդում են հեռուստաալիքի աղբյուրները։

Հետախուզական աղբյուրները նաև նախազգուշացրել են երկաթուղային ենթակառուցվածքների և երկաթուղային անձնակազմի դեմ հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին։