Մահացել է Վիրջինիա Ջուֆրեն՝ ԱՄՆ շնորհազրկված ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ամենահայտնի զոհերից մեկը, որը պնդում էր, որ սեքսուալ թրաֆիքինգի է ենթարկվել Բրիտանիայի արքայազն Էնդրյուի կողմից: Նա 41 տարեկան էր, գրել է The Guardian-ը։
Նրա ընտանիքը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում հաստատել է, որ նա ինքնասպան է եղել Արեւմտյան Ավստրալիայի իր ֆերմայում, որտեղ նա ապրել է մի քանի տարի:
Ջուֆրեն երեք երեխա ուներ՝ Քրիստիանը, Նոյը եւ Էմիլին։
Այս ամսվա սկզբին Ջուֆրեն սոցիալական ցանցերում հրապարակել էր, որ իրեն մնացել է ապրել ընդամենը օրեր այն բանից հետո, երբ իր մեքենային հարվածել է դպրոցական ավտոբուսը:
Ավելի ուշ Արեւմտյան Ավստրալիայի ոստիկանությունը հաստատել է, որ մարտի 24-ին ավտոբուսին բախված մեքենայում 41-ամյա կին է եղել, սակայն տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պարզվել է, որ Ջուֆրեն ապրիլի 1-ին ընդունվել է Պերտի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք:
Ջուֆրեն Էփշթեյնի ամենահայտնի զոհերից մեկն էր: Նա պնդել է, որ դեռահաս տարիքից սեռական բռնության է ենթարկվել նրա եւ իր երկարամյա համախոհ Ջիսլեն Մաքսվելի կողմից։
Ամերիկուհի Ջուֆրեն պատմել է, որ ծանոթացել է բրիտանացի ընկերուհի Մաքսվելի հետ 2000թ., երբ նա աշխատել է Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո հանգստավայրում (Ֆլորիդա)՝ որպես օգնական հանդերձարանում:
Մաքսվելն առաջարկել է նրան աշխատանք՝ որպես մերսող Էփշթեյնի համար, նա հավաստիացրել է, որ իրեն վաճառել են ֆինանսիստի ընկերներին եւ հաճախորդներին՝ «մատուցել են որպես մրգերով ափսե»։
2009թ. «Ջեյն Դո 102» կեղծանունով Էփշթեյնի դեմ ներկայացված քաղաքացիական հայցում նա պնդել է, որ իր պարտականությունները ներառում են «սեռական շահագործում Էփշթեյնի տարիքի չափահաս տղամարդկանց, այդ թվում՝ թագավորական ընտանիքի անդամների կողմից»: Ջուֆրեն համաձայնության է եկել Էփշթեյնի գործով, նախքան դատավարության գնալը:
2021թ. Ջուֆրեն քաղաքացիական հայց է ներկայացրել արքայազն Էնդրյուի դեմ Նյու Յորքի դաշնային դատարան՝ պնդելով, որ նա երեք անգամ սեռական բռնության է ենթարկել իրեն, երբ նա 17 տարեկան էր:
Էնդրյուն բազմիցս եւ վճռականորեն հերքել է մեղադրանքները:
Հայցում Ջուֆրեն նշել է, որ Էփշթեյնը եւ Մաքսվելը իրեն ծանոթացրել են Էնդրյուի հետ 2001թ., եւ պնդել, որ Մաքսվելն իրեն ստիպել է սեռական հարաբերություն ունենալ Էնդրյուի հետ:
2022թ. արքայազն Էնդրյուն եւ Ջուֆրեն համաձայնել են արտադատական համաձայնության գալ չբացահայտված գումարի դիմաց:
Մաքսվելը, որը հայտնել է իր անմեղության մասին, 2022թ. սեքսուալ թրաֆիքինգի համար դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Էփշթեյնը ձերբակալվել է դաշնային իշխանությունների կողմից 2019թ. հուլիսին եւ մեղադրվել սեռական թրաֆիքինգի մեջ: Դրանից կարճ ժամանակ անց նա ինքնասպան է եղել՝ սպասելով դատին:



























