Վրաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Ստեփանծմինդա (Կազբեգի) մունիցիպալիտետում սպանության մեջ մեղադրվողի հարազատները ծնկի են եկել զոհի ընտանիքի առջեւ՝ ներողություն խնդրելու համար։ Այդ պահի կադրերը տարածվել են սոցցանցերում, հայտնել է «Новости-Грузия»-ն։

Ուրբաթ կասկածյալի ընտանիքից մոտ երկու տասնյակ տղամարդ եկել է այն տունը, որտեղ տեղի էր ունենում հանգուցյալի հոգեհանգստի արարողությունը։ Նրանք ծնկի են եկել ու գլուխները խոնարհել։

Որոշ ժամանակ անց երկու ընտանիքների ավագ տղամարդիկ միմյանց ձեռք են սեղմել եւ գրկախառնվել։ Դրանից հետո ապաշխարողները մտել են տուն, որպեսզի ցավակցություն հայտնեն սպանվածի ընտանիքի մյուս անդամներին։

Ինչպես նշել է լրատվամիջոցը, Վրաստանում նման ժեստը ընդունված սովորույթ չէ, բայց լեռնային շրջաններում, ինչպիսին է Կազբեգին, որտեղ հատկապես ուժեղ են պատվի ավանդույթը եւ համայնքային համերաշխությունը, դա կարող է դառնալ հաշտության քայլ եւ կանխել արյան վրեժի խորացումը։

Հանցագործությունը տեղի է ունեցել Զատկին, ապրիլի 20-ին։ Կազբեգի շրջանում դաժանաբար սպանվել է 47-ամյա Գիա Խաիկաշվիլին, նա դանակի ավելի քան 10 հարված է ստացել եւ շուտով մահացել է հիվանդանոցում, արյան կորստից։

Ապրիլի 22-ին ոստիկանությունը ձերբակալել է 33-ամյա Պաատա Կուշաշվիլուն սպանության մեղադրանքով, իսկ նրա 27-ամյա զարմիկին՝ Նիկային, հանցագործությունը թաքցնելու մեղադրանքով։ Լրատվամիջոցի տվյալներով՝ նրանք թաքնվել են մեկ այլ քաղաքում գտնվող վարձու բնակարանում։

Տարածված տեղեկության համաձայն՝ Խաիկաշվիլին եւ Կուշաշվիլին հարեւաններ են էին։ Նրանց միջեւ վեճ է ծագել տոնական խնջույքի ժամանակ Գվելեթի ջրվեժի մոտ։ Առիթը, ըստ որոշ տվյալների, չկատարված խոստումն է եղել։

Թաքնվելուց առաջ չարագործը ծակել է զոհի մեքենայի անիվները։ Այնուամենայնիվ, Խաիկաշվիլին հասցրել է զանգահարել հարազատներին եւ իբր նշել հարձակվողի անունը։

Քննությունը չի բացառում, ու գործում ի հայտ կգան նոր դեմքեր։ Այս շաբաթ դատարանը ձերբակալել է Կուշաշվիլու երկու զարմիկներին՝ մինչեւ հետաքննության ավարտը։ Նրանցից մեկին սպառնում է 10-15 տարվա ազատազրկում, մյուսին՝ 3-7։