Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային շաբաթ հերքել է արեւմտյան ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե իրանական հրթիռները քննարկման թեմա են Օմանում ընթացող բանակցություններում՝ ասելով, որ բանակցությունները կենտրոնացած են միայն միջուկային խնդրի վրա, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Էսմայիլ Բաղային շաբաթ հայտնել է, որ իրանական հրթիռները չեն քննարկվել Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններում եւ չեն քննարկվի ապագայում: Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնություն ձեռք կբերվի, եթե Օմանի միջնորդությամբ բանակցությունները կենտրոնանան միայն միջուկային խնդրի եւ պատժամիջոցների վերացման վրա:

«Արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին եւ նրան ուղեկցող պատվիրակությունը ժամանել են Մասկատ՝ մասնակցելու իրանա-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլին, որը կանցկացվի Օմանի արտաքին գործերի նախարար Ալ-Բուսաիդիի միջնորդությամբ վաղն առավոտյան»,- երեկ երեկոյան գրել է Բաղային X սոցցանցում։- Մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու մեր ազգի՝ միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու օրինական իրավունքը, ձեռնարկելով ողջամիտ քայլեր, ցույց տալու համար, որ մեր ծրագիրը բացառապես խաղաղ է»:

«Անօրինական եւ անմարդկային պատժամիջոցների օբյեկտիվ եւ արագ ավարտը առաջնահերթություն է, որին մենք ձգտում ենք հասնել»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։ «Մենք կտեսնենք, թե մյուս կողմը որքան է պատրաստ արդար եւ իրատեսական գործարք կնքելուն»: