Բրազիլիայի բնակչուհին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ Բրազիլիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ արձանի վրա շրթներկով վիրավորական արտահայտություն գրելու համար, հաղորդում է BBC News-ը։

Դեբորա Ռոդրիգեսը մասնակցել է 2023 թվականի հունվարի անկարգություններին նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի հարյուրավոր կողմնակիցների հետ միասին։

Անկարգությունների ընթացքում Բոլսոնարուի հազարավոր կողմնակիցներ հարձակվել են կառավարական շենքերի վրա՝ անցյալ տարի ընտրություններում նրա պարտությունից հետո։

Դատավոր Կրիստիանո Զանինը, որը Ռոդրիգեսի գործը քննող հինգ դատավորներից մեկն է, ընդգծել է, որ նա դատվել է ոչ միայն գրաֆիտիի համար, այլև մեղավոր է ճանաչվել բազմաթիվ հանցագործությունների մեջ։

Ռոդրիգեսը ձերբակալվել է նորընտիր նախագահ Լուլա դա Սիլվայի դեմ ենթադրյալ դավադրության ավելի լայն հետաքննության շրջանակներում։ Նա մեղավոր է ճանաչվել մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում՝ գույքի ոչնչացման, հանցավոր կազմակերպությանն անդամակցության և պետական ​​հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։

39-ամյա վարսավիրուհին ներողություն է խնդրել Գերագույն դատարանի դիմաց գտնվող արդարադատության արձանի վրա «Դու պարտվեցիր, ապուշ» գրությունն անելու համար։ Այս միջադեպը ստացել է «շրթներկով հեղաշրջում» անվանումը։

Դատավարությունը նախագահող դատավոր Ալեքսանդր դե Մորաեսը հայտարարել է, որ Ռոդրիգեսը «գիտակցաբար և կամավոր» միացել է կառավարությունը տապալել ցանկացող ցուցարարներին։

Նա հավելել է, որ Ռոդրիգեսը ոստիկանությանը տված իր ցուցմունքներում խոստովանել է հակաժողովրդավարական գործունեության մեջ ներգրավված լինելը, և որ նրա հեռախոսում ջնջված հաղորդագրությունները վկայում են, որ նա փորձել է վերացնել ապացույցները։ Այս գործը բողոքի ցույցեր է առաջացրել Բոլսոնարուի կողմնակիցների շրջանում, որոնք Ռոդրիգեսին համարում են քաղաքական հետապնդման զոհ և ասում, որ Գերագույն դատարանը դարձել է չափազանց ազդեցիկ և կողմնակալ։