Ֆրանսիայի ոստիկանությունը շաբաթ օրը որոնում էր մի տղամարդու, որը կասկածվում է երկրի հարավում գտնվող մզկիթում մուսուլման հավատացյալի սպանության, ապա մահացող զոհին բջջային հեռախոսով նկարահանելու և իսլամի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու մեջ, հաղորդում է AFP-ն։

Ուրբաթ առավոտյան Ֆրանսիայի հարավում գտնվող Գար շրջանի Լա Գրանդ Կոմբ գյուղում հավատացյալը դանակահարվել է տասնյակ անգամներ։ Նրա մարդասպանը շաբաթ օրը դեռևս ազատության մեջ է, AFP-ին հայտնել է շրջանային դատախազ Աբդելկրիմ Գրինը։

Հետաքննիչները ներկայումս սպանությունը դիտարկում են որպես հնարավոր իսլամաֆոբիկ հանցագործություն։

Մարդասպանի կողմից նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա վիրավորում Ալլահին։

Ենթադրյալ հանցագործն իր հեռախոսով նկարահանված տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես է զոհը տանջվում, ուղարկել է մեկ այլ անձի, որը այնուհետև այն տարածել է սոցիալական ցանցերում, ապա՝ ջնջել։

Սպանությունն ինքնին չի երևացել սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում, այլ ֆիքսվել է մզկիթի ներսում տեղադրված տեսախցիկներով։ Իր կադրերում մարդասպանը նկատում է այդ տեսախցիկները և ասում. «Նրանք ինձ կձերբակալեն, դա հաստատ է»։

Մեկ այլ աղբյուրի համաձայն, որը նաև խնդրել է չհրապարակել իր անունը, ենթադրյալ հանցագործը, չնայած չի ձերբակալվել, նույնականացվել է որպես բոսնիական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացի, որը մուսուլման չէ: