Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։
Լեւոն Քոչարյանը բերման է ենթարկվել 2023թ. սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ։ Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանի վրա հարձակվելու համար: Լեւոն Քոչարյանը նույն օրը բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել։ Մի քանի ամիս անց նա ազատ է արձակվել միայն պատգամավորական մանդատ ստանալուց հետո։ Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ վերջինս ոչ մի ապօրինի գործողություն չի կատարել՝ տեղի ունեցողը որակելով քաղաքական հետապնդում։
Այսօր դատարանը քննում է պետանվտանգության գումարտակի տուժած աշխատակից Վարդան Հովհաննիսյանին։ Նա ոստիկանությունում է 2018-ից, ասել է, որ ճանաչում է Լեւոն Քոչարյանին որպես նախկին նախագահի եւ պատգամավորի որդի, բայց Ասատուրովին չի ճանաչում։
Նա դատարանին տեղեկացրել է, որ 2023թ. սեպտեմբերի 22-ին հերթապահել է եւ դեպքի վայր է ժամանել այն ժամանակ, երբ ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել մարդկանց։ Ավելի ճիշտ, երբ «պարոն Քոչարյանին տարել են մեքենայի մոտ», եւ նա դիմադրել է։ Հովհաննիսյանը հաստատել է, որ բերման ենթարկումները կապված են եղել այն բանի հետ, որ «մարդիկ փակել են ճանապարհը», եւ «պետք էր մաքրել բանուկ ճանապարհը»։
Հիշեցնենք, որ հենց այդ մեթոդով է Հայաստանում տեղի ունեցել իշխանափոխությունը 2018թ., երբ բազմահազարանոց հանրահավաքները, որոնք նախաձեռնել էր գործող վարչապետ Փաշինյանը, մի քանի ժամով փակում էին երթեւեկությունը ողջ հանրապետությունում։





























