Հայաստանյան ընդդիմությունը քննադատում է իշխանության քաղաքականությունը ու ճիշտ է անում, սակայն այստեղ մի մեծ բայց կա, բա դու ի՞նչ ես առաջարկում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Ընդդիմությունը մտել է մի կոնֆորտային իրավիճակ և չի ուզում դուրս գալ։ Ազգային ժողովում նստել են իրանց համար ու քննադատում են: Դա չի նշանակում, որ ԱԺ-ից պետք է դուրս գան, ոչ, չպետք է դուրս գալ, ամբիոնը պետք է օգտագործել: Քաղաքական ուժն իր քաղաքական գործունեությունն իրականացնում է բազմաթիվ ձևաչափերով, դրանցից ընդամենը մեկն է ԱԺ–ն, մնացածն այլ դաշտերում պիտի լինի, բայց մյուս դաշտերի աշխատանքը զրո է։ Այո, փորձեցին փողոցում շարժումներ անել, չհաջողվեց:
Եթե մի բան անում ես, չի հաջողվում, պիտի մտածես՝ ինչպես հասնել նպատակին, եթե մի ձևաչափը չի աշխատում։ Բազմիցս ասել եմ՝ մի՛ փորձեք կրկնել 2018 թվականի թատերական գործողությունը, այն ժամանակ փողոցով չեն եկել իշխանության, այլ գործընթացներ են տեղի ունեցել։ Այնտեղ եղել են տարբեր խաղացողներ, որոնք հիմա չեն խաղում Իսկ դու ուզում են կրկնել նույնը՝ առանց հաշվի առնելու անդրկուլիսյան գործընթացները»,–ասաց նա:
Քաղտեխնոլոգի խոսքով, ընդդիմությունը պետք է չսահմանափակվի Ազգային ժողովում ելույթներով, այլ շարունակական կապ պահպանի հասարակության բոլոր շերտերի հետ. «Այո, վարչապետը ներկայացնում է իր իրական Հայաստանը, կարող եք քննադատել, ձեր իրավունքն է, բա ո՞րն է ձեր Հայաստանը։ Վարչապետը ներկայացնում է համընդհանուր հայտարարագրման համակարգը, դուք ասում եք վատն է, ո՞րն է ձերը: Վարչապետը չի ներկայացնում գյուղատնտեսության զարգացման ծրագիր, ո՞ւր է ձեր ծրագիրը: Եվ այսպես բոլոր ոլորտներում է:
Չկա կապ տարածքների հետ, այդպես չես կարող իշխանություն վերցնել, պետք են համակարգված գործողություններ»:











