Երկուշաբթի Պիրենեյան թերակղզում տեղի ունեցած զանգվածային հոսանքազրկումից հետո մայրցամաքային Իսպանիայի գրեթե 90 տոկոսում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Համաձայն ազգային էլեկտրացանցերի օպերատոր Red Eléctrica de España-ի (REE), էլեկտրաէներգիայի 87,37 տոկոսի մատակարարումը վերականգնվել է մինչեւ երեքշաբթի առավոտյան ժամը 4-ը:

Նախորդ երեկոյան վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել էր, որ Իսպանիայում էլեկտրաէներգիայի մատակարարման կեսը վերականգնվել է։

«Խնդիրն այն է, որ առաջիկա ժամերին շարունակվի մատակարարման վերականգնումը»,- ասել է նա հեռուստաուղերձում:

Վարչապետը չի հստակեցրել, թե երբ ամբողջությամբ կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը եւ նշել է, որ որոշ աշխատողներ ստիպված կլինեն տանը մնալ երեքշաբթի:

Իսպանիայում եւ Պորտուգալիայում համատարած հոսանքազրկման ստույգ պատճառը մնում է անհայտ։ Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն ասել է, որ բլեքաուտի աղբյուրը «հավանաբար Իսպանիայում է», իսկ Իսպանիայի վարչապետ Սանչեսն ասել է, որ իշխանությունները հետաքննում են պատճառները:

«Բոլոր հնարավոր պատճառները վերլուծվում են, շեշտում եմ՝ ոչ մի վարկած, ոչ մի հնարավորություն չի բացառվում»,- ասել է նա։

Անջատումը սկսվել է երկուշաբթի կեսօրից անմիջապես հետո, տուժել են երկրի բոլոր քաղաքները, թեեւ Բալեարյան եւ Կանարյան կղզիները չեն տուժել:

Պորտուգալիայի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ անջատումը կարող էր պայմանավորված լինել մթնոլորտային հազվագյուտ երեւույթով, որը կապված է ջերմաստիճանի տատանումների հետ:

Սանչեսի խոսքով՝ մոտ 15 գիգավատ էլեկտրաէներգիա, որն այն ժամանակ երկրի էլեկտրամատակարարման կեսից ավելին էր, «հանկարծ անհետացել է» հինգ վայրկյանում: