Հայաստանի նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 31-ին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հանրապետության ղեկավարը հետեւել է պաշտպանական հենակետերում մարտական հերթապահության կազմակերպմանը, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Ձեր կատարած գործն ամենակարեւորն է մեր երկրի համար: Ամենակարեւորը, որովհետեւ եթե դուք այստեղ ամուր չլինեք, վստահ չլինեք, մեր ժողովուրդն իրեն վստահ չի զգա, իսկ ձեր ամրությունը, ձեր ինքնավստահությունը փոխանցվում է այստեղից՝ այս սահմանից, որովհետեւ այստեղից է սկսվում մեր երկիրը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

 Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ զինվորը զսպաշապիկ է սահմանից այն կողմ կանգնած մարդկանց համար, որովհետեւ այնտեղ գիտեն, թե հայոց բանակի զինվորն ինչի է ունակ: Նախագահի խոսքով, հայ զինվորով հպարտանում են ոչ միայն իր ծնողները, այլեւ բոլորը՝ երեխաներից, երիտասարդներից սկսած մինչեւ մեծահասակներ: Ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ եւ խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորներ Նախագահի կողմից ստացել են նվերներ:

Հանրապետության ղեկավարը նաեւ հանդիպել է սահմանամերձ Ոսկեպար եւ Կիրանց գյուղերի բնակիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զրուցել է բնակիչներին հուզող հարցերի շուրջ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրերի խնդիրներով եւ տվել համապատասխան հանձնարարականներ: