Էլեկտրաէներգիայի մատակարարման մասշտաբային անջատման պատճառով Իսպանիայի տնտեսությանը հասցված վնասը կարող է կազմել 1 մլրդ եվրո։ Այսպիսի գնահատական է տվել տեղի The Objective թերթը՝ հղում կատարելով հարցման ենթարկված փորձագետներին։
Նրանց կարծիքով՝ խափանումը մեծ ազդեցություն կունենա Իսպանիայի ՀՆԱ-ի վրա, քանի որ շատ բիզնեսներ ստիպված են եղել փակել իրենց դռները: Թագավորության ՀՆԱ-ն, ըստ հարցված վերլուծաբանների գնահատականների, կազմում է օրական ավելի քան 4 մլրդ եվրո, որից մոտ 14 տոկոսը ստացվում է արդյունաբերական հատվածից (մոտ 575 մլն եվրո), եւս 12 տոկոսը՝ սպասարկման ոլորտից (մոտ 500 մլն եվրո): Ընդհանուր առմամբ, իսպանական տնտեսության վնասները կարող են կազմել մինչեւ 1 մլրդ եվրո։
Ավելի վաղ իսպանական էներգացանցերի Red Electrica օպերատորը տեղեկացրել էր սպառման 99,16 տոկոս վերականգնման մասին։
Ապրիլի 28-ին Իսպանիայում եւ Պորտուգալիայում տեղի է ունեցել էլեկտրացանցերի աշխատանքի մասշտաբային խափանում, որն առանց լույսի է թողել միլիոնավոր մարդկանց։ Euronews հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ էլեկտրացանցերի հետ կապված խնդիրների մասին տեղեկացրել են նաեւ Անդորայում եւ Ֆրանսիայի՝ Իսպանիային սահմանակից շրջաններում։




























