2011-ին Հարավային Կովկասում եւ հետխորհրդային ամբողջ տարածքում գլխավոր միտումը շարունակվող ստագնացիան էր` սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական ճգնաժամի խորացմամբ:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժյեի հետազոտությունների կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովը:  

«Իշխանական կառույցներում ճգնաժամային երեւույթները ուղեկցվում են ընդդիմադիր ուժերի ակտիվացմամբ: Իրավիճակը կարող է դուրս գալ իշխանական կառույցների եւ համաշխարհային խաղացողների վերահսկողությունից: Համաշխարհային խաղացողների թվում են այժմ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, արդեն նաեւ Չինաստանը», - նշեց Սկակովը:

Նրա խոսքով այդ երեւույթի դրսեւորումներից էր նաեւ Հարավայի Օսիայի նախագահական ընտրություններում ռուսաստանյան իշխանական կառույցների փաստացի պարտությունը:

«Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նախագահական ընտրությունները ցուցադրեցին Հարավային Կովկասի հանրապետությունների հասարակությունների եւ քաղաքական էլիտաների ցանկությունն ինքնուրույն որոշել հետագա զարգացման ուղիները: Համաշխարհային տերության հավակնություն ունեցող երկրի` Ռուսաստանի իշխանական կառույցները չկարողացան համաչափ վերահսկել եւ օպերատիվ արաձագանքել այդ տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններին: Այժմ խոսքը Ռուսաստանի մասին է, սակայն մյուս տերությունները եւս հաճախ ոչ ճկուն են», - ամփոփեց փարձագետը: