Դուբայում ապրիլի 20-ին տեղի ունեցած զանգվածային կռվից հետո ձերբակալվել է Ուզբեկստանի 15 քաղաքացի։ Այս մասին հայտնել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ախրոր Բուրխանովը։

«Էմիրաթական կողմը հայտարարել է, որ միջադեպի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, և ձերբակալվել է Ուզբեկստանի 15 քաղաքացի։ Նաև նշվել է, որ Ուզբեկստանի քաղաքացիների կողմից խախտումների դեպքերի վերջին աճը կարող է ազդել երկու երկրների միջև վիզային ռեժիմի վրա», - ասել է Բուրխանովը։

Սոցիալական ցանցերի ուզբեկական հատվածում, կռվի մասին հաղորդագրություններից հետո, տեղեկատվություն տարածվեց, որ ԱՄԷ իշխանություններն արգելել են մուտքը Ուզբեկստանի քաղաքացիների համար։ Բուրխանովն այս տեղեկատվությունը կեղծ է անվանել։ Նրա խոսքով՝ Ուզբեկստանի և ԱՄԷ-ի միջև գործող անվիզա ռեժիմը մնում է ուժի մեջ։

«Պաշտոնական աղբյուրները նման միջոցառումների ներդրման վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեն տրամադրել», - գրել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։